ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +17 °C ... +24 °C Վաղը`+26 °C
Ոստիկանները դաժանաբար ծեծել են ու բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին․ «Հրապարակ»
09:06, 18.09.2024 | mamul.am
2871 | 0

«Հրապարակ»-ը գրում է․ «Երևան-Սևան ավտոճանապարհին, ՀՀ նախկին ՃՈ հենակետի` Աբովյանի Գայի պոստի մոտ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ուղեփակոց է տեղադրում։ Բնականաբար, ճանապարհի երկայնքով տեղակայված խանութների, սննդի կետերի տերերը գոհ չեն, քանի որ ուղեփակոցը փակում է դրանց դիմային մասը, դժվարացնելով մուտքը օբյեկտներ։
Եւ նշված օբյեկտների տերերը երեկ փորձել են պարզաբանումներ պահանջել, ինչն ավարտվել է ոստիկանական ուժերի հետ դաժան մարտերով։ «Զովք» սուպերմարկետի աշխատողները, որոնց չի ներկայացվել մայրուղում ուղեփակոց տեղադրելու որոշումը, անհնազանդության ակցիա են իրականացրել, ձեռքերը վեր` կանգնելով ճամփեզրին։ Նրանց ծեծելով, ձեռքերը ոլորելով ու քաշքշելով բերման են ենթարկել Աբովյան քաղաքի ոստիկանություն, և այնտեղ պահել են մի քանի ժամ, բաց են թողել միայն երեկոյան 17․00-ի սահմաններում։
Իր գործողությունների կապակցությամբ ոստիկանությունը երեկ պարզաբանեց, թե «Երևան-Սևան ավտոճանապարհի բնականոն գործունեությունը ապահովելու նպատակով» ուղեփակոց է տեղադրվում Սևան-Երևան ավտոմայրուղու Վերին Պտղնիի հատվածում, ոստիկաններն էլ հասարակական կարգն են ապահովում։

«15 անձ ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար բերվել է ոստիկանության Կոտայքի բաժին /Ոստիկանության զորքերի օրինական պահանջը չկատարելը- Ս․Ս․/։ Սա որևէ կերպ որևէ տնտեսվարողի գործունեությունը խոչընդոտելու նպատակ չի հետապնդում, ապահովվում է ավտոճանապարհի բնականոն երթևեկությունը, երթևեկության մասնակիցների անվտանգությունը միջպետական ճանապարհի կողային հատվածում»,- ասված է ոստիկանության պատասխանում։

Թե ինչու են մարդկանց ծեծել-ջարդել, վնասվածքներ հասցրել, ձեռք ու ոտք ոլորել, չի բացատրվում։ Չի ասվում նաև, թե ինչու չեն ներկայացրել տնտեսվարողին, այսինքն, «Զովքի» ղեկավարությանը, պետական մարմնի որոշումը, որով սահմանված է տվյալ վայրում ուղեփակոց տեղադրելու փաստը և հիմնավորումը։ Մինչդեռ խանութի աշխատողները հենց այդ փաստաթուղթն են պահանջել, և ամենևին չեն խանգարել իրենց աշխատանքներին։

Մանրամասները՝ թերթի համարում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր