Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը․ «Շոյգուի հայտարարության հետքերով․ Երբ անցած շաբաթների ընթացքում Թեհրանը սրում էր, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի հարցը, ես կանխատեսել էի, որ դա չի բերելու լուրջ ճգնաժամի ռուս- իրանական հարաբերություններում: Թեհրանի մոտիվներն ի սկզբանե պարզ էին: Նա ձգտում էր Հարավային Կովկասում ձևավորվող նոր ստատուս-քվոյում ունենալ իր տեղն ու դերը, մանավանդ, որ՝ չնայած Հայաստանի և Ադրբեջանի հետ հարևանությանը, այդպես էլ ներգրավված չի եղել հայ- ադրբեջանական կարգավորման գործընթացում՝ ոչ 44-օրյա պատերազմից առաջ և ոչ էլ դրանից հետո: Մյուս կողմից, միանգամայն տարբեր են Ադրբեջանի և Թուրքիայի հանդեպ Ռուսաստանի և Իրանի պատկերացումները: Եթե Մոսկվայի համար Ադրբեջանն ու Թուրքիան գործընկերներ են՝ արևմտյան պատժամիջոցները շրջանցելու հարցում, ապա Թեհրանը վերջիններիս համարում է Արևմուտքի (նաև՝ Իսրայելի) գործընկերներ՝ դրանից բխող ռիսկերով, որոնք կարող են ծնվել «Զանգեզուրի միջանցքի» գործարկման պարագայում: Եվ վերջապես՝ արձանագրել էի՝ միշտ չէ, որ Իրանի կտրուկ հայտարարություններին հետևում են նույնքան կտրուկ գործողություններ ու կանխատեսել էի, որ Թեհրանի կովկասյան ծրագրերի իրականացման համար նրան անհրաժեշտ է համագործակցությունը հենց Մոսկվայի հետ: Շոյգուի երեկվա հայտարարությունը՝ ռուս- իրանական դիրքորոշումների մերձեցման մասին, ասվածի ապացույցն է: Ի դեպ, ինձ հետաքրքիր է՝ ինչպե՞ս են մեր ֆեյք արևմտամետները արձագանքելու Օվերչուկի և Շոյգուի վերջին օրերի հայտարարություններին, երբ համառորեն պնդում էին, որ Մոսկվան մեզանից «Զանգեզուրի միջանցք» է պահանջում և գրեթե կանխորոշված էին համարում դրան դիմակայելու հարցում Թեհրանի և Արևմուտքի դաշինքը՝ անտեսելով աշխարհաքաղաքական և ռեգիոնալ ակնհայտ իրողությունները»: |