ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +24 °C Վաղը`+25 °C
«Սրանց բոլոր «բարեփոխումներն» արվում է ոչ թե գյուղացու, այլ օլիգարխների համար». Պետրոս Մակեյան
21:36, 18.09.2024 | mamul.am
1261 | 0

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հանցավոր անգործության, անպատասխանատվության և սանձարձակության հետևանքները
Օրվա իշխանություններն իրենց «նվաճումները» հիմնավորելու համար տնտեսական ցուցանիշները համեմատում են 2018թ-ի հետ՝ ներկայացնելով այն` որպես «բարեփոխումների» արդյունք։
Իրականում արձանագրվում է համընդհանուր անտերություն, որի հետևանքով կազմաքանդվում է ամբողջ պետական կառավարման համակարգը, հատկապես՝ անվտանգայինը։
Բազմիցս անդրադարձել եմ գյուղին և գյուղատնտեսությանը՝ ներկայացնելով օրվա իշխանությունների գործունեության աղետաբեր հետևանքները, նույնիսկ դիմել դատարան՝ սպասելով վնգստացող կոռումպացված «դատավորների» վճիռներին, բայց ապարդյուն՝ շարունակվում է գյուղատնտեսության կազմաքանդումը և գյուղի դատարկման գործընթացը։
Գյուղատնտեսության ոլորտի անպատասխանատու պատասխանատուները ներկայացնում են կառավարության աջակցությունը գյուղացուն, մասնավորապես՝ խելացի անասնագոմերի, սուբսիդավորված վարկերի, սպանդանոցային մորթի, ցորենի և գարու սերմացուների սուբսիդավորումը, ինչը ճիշտ կազմակերպման դեպքում հնարավոր է որոշակի արդյունքի հանգեցներ, բայց ստացվում է հակառակը՝ 2018թ-ին, եթե վարելահողերը 40-45 տոկոս էր անմշակ մնում, ապա հիմա այն հասել է 55-60 տոկոսի, իսկ անասնագլխաքանակն անգամներով է պակասել։ Ասվածը մերկապարանոց չհնչելու համար ներկայացնեմ հիմնավորումները, նախ՝ առանց անհրաժեշտ քանակի սպանդանոցների և աշխատող համակարգի ներդրման, ի հաշիվ գյուղացու հավելյալ ֆինանսական ծախսերի և այլ տարատեսակ անհարմարություններով, պարտադրում են կյանքի կոչել։ 2023թ-ին, երբ կառավարությունը որոշեց սուբսիդավորել ցորենի սերմացուն, իսկ 2024թ-ին՝ նաև գարին, էականորեն ավելացավ մշակվող ցանկատարածությունները, բայց բերքահավաքի ժամանակ որոշ մարզերում, հատկապես՝ Շիրակում և՛ 2023թ-ին, և՛ 2024թ-ին ցանկատարածությունները կրծողներն իսպառ ոչնչացրին, չնայած գյուղացիներից յուրաքանչյուրն իր մշակած ցանկատարածությունում իրականացրել էր պայքար կրծողների դեմ, բայց անարդյունք, որովհետև նման աղետների դեպքում պետք է պետական մակարդակով, համընդհանուր պայքար կազմակերպվի համաճարակի դեմ։ Չգործեց ո՛չ ապահովագրական համակարգը, ո՛չ էլ փոխհատուցումը։ Երկու տարի է ինչ գյուղացին մնում է դատարկաձեռն, իսկ պետությունը չկա ու չկա, համոզված եմ 2025թ-ին այդ տարածաշրջանի մշակվող ցանկատարածությունները զրոյական կլինեն, իսկ ո՞վ է պատասխան տալու։ Համոզված եմ՝ պատկան մարմինները՝ մեղավորները, շարունակում են օգտվել պարգևավճարներից և այլ կոռուպցիոն սխեմաներից։
1. Հ․Գ․ Եթե հաշվի առնենք, որ տեղական հացահատիկի գները, ի հաշիվ ներկրվող էժան հացահատիկի, հաստատվում է ինքնարժեքից ցածր, ապա հետևանքը պարզ է։
2. Հ․Գ․ Արձանագրենք նաև, որ կառավարությունը 2024թ-ին, սպասարկելով օլիգարխների շահերը, չեղարկեց մշակաբույսերի կարկտահարման ժամանակ ապահովագրության հնարավորությունը։
3. Հ․Գ․ Հիմա էլ որոշել են «աջակցել» այծաբուծությանը և ոչխարաբուծությանը։ Սրանց բոլոր «բարեփոխումները» արվում է ոչ թե գյուղացու, այլ օլիգարխների և մի խումբ մարդկանց շահերի սպասարկման համար։
4. Հ․Գ․ Կենդանի խոզի, խոզի մսի ներկրման կոռուպցիոն համակարգը Ալեքսանյան Սամվելից առգրավել են իջևանցիները և հիմա շատ ավելի սանձարձակ են գործում, որի հետևանքով վտանգի տակ է նաև խոզաբուծության ոլորտը»։

Աղբյուրը` Պետրոս Մակեյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր