Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է.«Ազգային կոմիտե»-ի տարին՝ առանց յոթի ու քառսունքի
2023 թվականի սեպտեմբերի 20-ին, Արցախի դեմ ադրբեջանական ռազմական ագրեսիայի օրերին Երևանում սկիզբ առած բողոքի լայնամասշտաբ ինքնաբուխ հավաքների ժամանակ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց «Ազգային կոմիտե» ստեղծելու մասին, որը պատասխանատվություն կկրի այս ամենի համար, կառաջնորդի ժողովրդին և պայքարը կհասցնի իր հաղթական ավարտին:
«Ազգային կոմիտե»-ի կազմում ընդգրկվել էին հինգ հոգի՝ ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը, ով «Հայրենիքի փրկության շարժման» ժամանակ հայտարարվել էր` որպես վարչապետի թեկնածու, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, «Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը և Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։
Անհասկանալի կերպով ստեղծված այս մարմինն անհետացավ ոչ պակաս անհասկանալիորեն՝ մոռանալով իրենց ստանձնած «ամենի համար քաղաքական պատասխանատվության և պայքարը հաղթական ավարտին հասցնելու» հանձնառության մասին։
Ավելին, այդ ինքնակոչ մարմնում ընդգրկված երկու գործիչ, լինելով նաև ՀՀ ԱԺ պատգամավորներ, մինչև օրս անգամ նախաձեռնություն չեն ցուցաբերել՝ Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնից անվստահություն հայտնելու համար»։