ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +18 °C ... +25 °C Վաղը`+26 °C
ԱԺԲ-ն դադարեցնում է հետագա համագործակցությունը «Սրբազան շարժման» հետ
23:18, 20.09.2024 | mamul.am
3586 | 1

Ազգային Ժողովրդական Բևեռը դադարեցնում է հետագա համագործակցությունը Սրբազան շարժման հետ, այդ մասին հայտարարել են ԱԺԲ-ից․ «Ի տես Հայաստանի անկախության և ինքնիշխանության կորստի գոյութենական սպառնալիքների, որոնք սպառնում են մեր երկիրը վերածելու թուրք-ադրբեջանական տարանցիկ գոտու, և ի տես Նիկոլ Փաշինյանի վարած հակասահմանադրական, ապազգային, պարտվողական և հակաժողովրդավարական քաղաքականության, որը հանգեցրել է հասարակության քաղաքական պառակտման և կաթվածահարության, Ազգային-ժողովրդավարական Բևեռը, գիտակցելով մեր ժողովրդի համախմբման հնարավորությունը, որոշել էր աջակցել հայրենիքում սկսված «Սրբազան շարժմանը»` հետևյալ նպատակներով․
1) Հայաստանում սահմանադրականության հաստատման, մարդու իրավունքների պաշտպանության և Հայաստանի ներքաղաքական կյանքի առողջացման նպատակով տարբեր քաղաքական հոսանքների միջև ստեղծել երկխոսության մթնոլորտ,
2) միավորվել վերկուսակցական ձևաչափով, համախմբել ժողովրդին, հեռացնել աղետաբեր չարիք դարձած Նիկոլ Փաշինյանին և կազմավորել հակաճգնաժամային անցումային կառավարություն,
3) կազմել և իրագործել հակաճգնաժամային անցումային ծրագիր` կանխելով մեր երկրի Արևմտյան Ադրբեջան դառնալու վտանգը՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելով երկրի պաշտպանությունը կազմակերպելու ուղղությամբ,
4) միջազգային իրավունքի հիման վրա ապահովել Արցախի հիմնախնդրի արդարացի լուծումը և միջազգային ներկայությամբ Արցախի հայության անվտանգ վերադարձը:
Ս․ թ․ մայիսի 9-ի Հանրապետության լեփ-լեցուն հրապարակը վկայեց, որ Բևեռը ճիշտ էր ժողովրդի համախմբման հնարավորության իր գնահատականներում և գործողությունների մեջ՝ աջակցելով Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը։
Հավատարիմ մնալով վերոհիշյալ սկզբունքներին՝ Բևեռը հետևողականորեն և շարունակաբար խոսքով ու գործերով աջակցել է այս համախմբմանը և ամառային ամիսների ընթացքում հանդես է եկել շարժման կազմակերպական ուժեղացման, երկրի ներսում նրա ընկալելիությունը բարելավելու, իսկ երկրից դուրս միջազգային համայնքի կողմից նպաստավոր դիրքորոշումը ապահովելուն ուղղված առաջարկություններով։
Ցավով պետք է արձանագրենք, որ չնայած մեր բոլոր ջանքերին՝ մեր առաջարկներն անտեսվեցին, բազմիցս չօգտագործվեցին ակնհայտ հնարավորությունները, իսկ վերջերս ի հայտ եկան շարժման որոշակի անընդունելի դրսևորումներ։
Հաշվի առնելով նկարագրվածը՝ այսուհետև նպատակահարմար չենք համարում Բևեռի հետագա համագործակցությունը Սրբազան շարժմանը։
Ազգային - Ժողովրդավարական Բևեռի խորհուրդ
20 սեպտեմբերի, 2024 թ., Երևան»։

Աղբյուրը` ԱԺԲ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր