Ուկրաինացիներն ու Ուկրաինայի կողմնակիցներն ստիպված կլինեն հաշտվել այն մտքի հետ, որ Ռուսաստանը, պատերազմից հետո, գոնե որոշ ժամանակով կպահպանի վերահսկողությունը բռնազավթված տարածքների նկատմամբ։ Նման կարծիք է հայտնել Չեխիայի նախագահ Պետր Պավելը The New York Times-ին տված հարցազրույցում։ Ուկրաինայից «կպահանջվի իրատեսորեն վերաբերվել Մոսկվայի կողմից գրավված տարածքները վերադարձնելու հեռանկարներին», ասել է Չեխիայի ղեկավարը։ Պավելը կարծում է, որ այս ժամանակավոր բռնազավթումը կարող է տարիներ շարունակվել։ Նրա կարծիքով, ոչ Ուկրաինան, ոչ Ռուսաստանը չեն կարող ակնկալել, որ պատերազմում կհասնեն իրենց առավելագույն նպատակներին։ Ուկրաինայի համար դա բացառում է ամբողջ տարածքի վերադարձը, այդ թվում՝ Ղրիմը, իսկ Ռուսաստանի համար անհնար կլինի Ուկրաինայից իրավաբանական հրաժարում ստանալ Մոսկվայի հավակնած շրջաններից։ «Խոսել Ուկրաինայի կամ Ռուսաստանի պարտության մասին, դա պարզապես տեղի չի ունենա, ուստի վերջը կլինի ինչ-որ տեղ մեջտեղում»,- ասել է Պավելը: |
Բաժանորդագրվել լրահոսին