Հանրապետության հրապարակում «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ներկայացրեց, թե ինչպես է որոշել դուրս գալ պայքարի.
«Չեմ նստել և սպասել, որ իմ փոխարեն ուրիշը պետք է գործի, վերլուծություններ չեմ արել և այդպես ինքնաբավարարվել։ Չեմ քննադատել ուրիշներին, ովքեր պայքարել են և վերջում որոշել, որ հիասթափված են։ Քաղաքականություն չեմ խաղացել և քաղաքական գործիչ լինելու հավակնություն ստանձնել և ամենից ինչից փորձել քաղաքական դիվիդենտներ քաղել ու մնալ մաքուր նկարագրով՝ դառնալով իրադարձային գործիչ, ով սպասում է հարմար առիթի` ուրիշի հաշվին փորձել խցկվել խորհրդարան կամ այլուր և այդպիսով ինքն իրեն արդարացնել այս արևի տակ՝ մի կողմ թողնելով բոլոր ազգային նպատակներն ու շահերը։ Ես եղել եմ և մնացել եմ այս պայքարի մեջ՝ հակառակ բոլոր զրկանքներին, բամբասանքներին, չարախոսությունների։ Կոչ եմ անում բոլոր քաղաքական և այլ հավակնություններ ունեցողներին՝ թոթափեք ձեր վրայից ամբարտավանության և հավակնությունների այդ բեռը, մեղքը, ինքներդ ձեզ ձեր կաշկանդումներից ազատագրեք։ Մի կողմ թողեք ձեր վախերն ու վախկոտությունները, դարձեք իրապես նկարագիր կրող, իրապես գործիչներ, ոչ թե գործիքներ։ Մեր դիմաց ծանր իրադարձություններ, սպասումներ են, դավաճանական նոր ծրագրեր, հայրենահանձնման դիվական նոր պլանավորումներ»: