«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու նրա շրջապատը թիրախավորել են «Ժողովուրդ» օրաթերթին: Այսպիսով՝ Ալեն Սիմոնյանը այս հրապարակման համար «Ժողովուրդ» օրաթերթից հայցում է 2 մլն դրամի փոխհատուցում: Իսկ ահա Ալեն Սիմոնյանի որդու կնքահայր Էդգար Ավագյանը, որը «Պալլադա Ծաղկաձոր» ՍՊԸ-ի բաժնետերերից մեկն էր, այդ ընկերության անունից հայց է ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթի դեմ եւ պահանջում է 12 մլն ՀՀ դրամի փոխհատուցում: Պատճառը «Ժողովուրդ» օրաթերթի այն հրապարակումն է, որ «Պալլադա Ծաղկաձոր» բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրը լուրջ շինարարական խնդիրների առջեւ է կանգնած։ ««Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել, որ դեռ նախորդ տարի՝ շինության հիմքը փորելիս, պարզվել է, որ շենքի նախատեսած հիմքում՝ մակերեսից 20 եւ ավելի մետր խորության վրա, գետ է հայտնաբերվել, որն էլ խաթարել է շինարարության ընթացքը: Բացի այդ՝ կան նաեւ սողանքներ»: Կառուցապատող ընկերությունը չէր հերքել, այլ նույն հոդվածում մեկնաբանել էր, որ խնդիր եղել է, հարթվել է: Նշենք, որ այժմ Էդգար Ավագյանը ոչ մի փաստաթղթով կապ չունի «Պալլադա Ծաղկաձոր» համալիրի հետ, ինչպես Ալեն Սիմոնյանի եղբայրը՝ «ԵվրոԱսֆալտ» ընկերության հետ: Նրա գործընկերները, թերեւս մամուլի ճնշումներից վախենալով, պահանջել են, որ փաստաթղթերով՝ Էդգար Ավագյանը հեռանա «Պալլադա Ծաղկաձոր» ՍՊԸ-ից, բայց հայցերը շարունակում են քննվել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի կնոջ AM իրավաբանական գրասենյակի պաշտպանությամբ՝ թերեւս մեծ զեղչերով: Տեղեկացնենք նաեւ, որ երկու հայցերն էլ ներկայացված են առանց «Ժողովուրդ»-ի խմբագրությանը հերքման պահանջ ուղարկելու: Այսինքն՝ այս հայցերի նպատակը ոչ թե արժանապատվության, պատվի վերականգնումն է, կամ հերքման պահանջը, այլ լրատվամիջոցին ֆինանսապես ճնշելը: Հավելենք, որ ««Պալլադա Ծաղկաձոր» ՍՊԸ-ն ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի» դատական նիստի օրն արդեն նշանակված է՝ նոյեմբերի 28-ին՝ ժամը 10:00-ին, Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում Ս. Բաբայանի նախագահությամբ: Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը քաղաքականություն մտնելու օրվանից՝ 2016 թվականից, հայց է ներկայացրել ընդդեմ մամուլի եւ հասարակական քաղաքական գործիչների, որոնք երբեւէ քննադատել են իրեն: 2020 թվականից ի վեր Սիմոնյանը 25 դատական հայցեր է ներկայացրել հատկապես լրատվամիջոցների, լրագրողների, հասարակական գործիչների, այդ թվում՝ ԱԺ պատգամավորների դեմ»։ Մանրամասները՝ թերթի համարում: |
Բաժանորդագրվել լրահոսին