ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Կրկին ստիպված ենք լինելու ընտրել մերժվածին կամ պարտվածին»․ Վարդան Հարությունյան
13:00, 04.10.2024 | mamul.am
1789 | 2

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է «Ալիք մեդիա»-ում հրապարակված իր հոդվածը, որտեղ մասնավորապես գրում է․ «Կրկին թեժացնելու են նախկիններ-ներկաներ, մերժվածներ-մերժողներ կռիվը։ Որպես առաջին քայլ մարտի 1-ի գործն են վերաբացում։ Քոչարյանին կրկին դատարանների դռները տանելու ներկայացումն է բեմադրվելու։ Նպատակը, պարզ է, բոլորովին էլ մարտի 1-ը չէ։ Եթե լիներ նման նպատակ, վաղուց այն դատական հանգուցալուծում ստացած ու ավարտված կլիներ։ Նպատակը թատրոնն է, որ պետք է բեմադրվի ու հաջողություն բերի։ Սա լավ մտածված ու ճիշտ հաշվարկված քայլ է։ Այս իշխանավորներն անհեռատես, ապաշնորհ ու անհաշվենկատ են, երբ խոսքը երկրին ու պետությանն է վերաբերում, բայց չափազանց հաշվենկատ են ու հեռատես, երբ իրենց ապագան ու իրենց շահերն են ծրագրում։

Կրկին մեր գյուղերի ու քաղաքների հրապարակներում լսելու ենք՝ «բոլորը պատասխան են տալու», «ես ձեզանից մեկն եմ», «արա, բա դուք ո՞վ եք», «ինձ մանդատ տվեք՝ ես բոլորին կպատառոտեմ» ու այս որակի այլ բացականչություններ։ Կրկին հների վերադարձով են սարսափեցնելու։ Կրկին հների վերադարձի հավանականությունից մոլորված ընտրողներ ենք տեսնելու։ Ու կրկին իշխանությունը մեծամասնություն է ստանալու։

Միայն թե ընտրությունն ընտրություն չի լինելու, որովհետեւ այն ատելության խոսքով է լինելու շաղախված։ Այն վախերով է ուղղորդվելու եւ թշնամությամբ։ Ծրագրերի ու ապագայի մասին պատկերացումների ընտրություն չի լինելու։ Չի լինելու սառը դատողություն ու սառը հաշվարկ։ Ճիշտ այդպիսի մթնոլորտում ճիշտ այդպիսի ընտրություն կատարեց մեր ընտրողը 2021-ի հունիսի արտահերթ ընտրությունների ժամանակ։ Մեր վերջին տարիների նահանջները, տապալումները, պարտությունները, Արցախի կորուստը հենց այդ ընտրություններով են պայմանավորված։

Պառլամենտական համակարգը, որը Սերժ Սարգսյանն իր համար էր մտածել-հարմարեցրել, Փաշինյանին կրկին ու կրկին վարչապետի աթոռին հայտնվելու շատ ավելի հեշտ հնարավորություն է ընձեռում, և նա կրկին ու կրկին օգտվելու է այդ հնարավորությունից։ Նա չի հեռանալու։ Նա հեռանալու պատճառ չի տեսնում։

Նրա հեռանալու ամենահարմար պահը 2020-ի նոյեմբերից հետո ընկած ժամանակահատվածն էր, բայց դա տեղի չունեցավ, որովհետեւ ուժերն ու դեմքերը, որ փողոցային պայքարի միջոցով նրան հեռացնել էին ցանկանում, որ նրան փոխարինել էին ցանկանում, մերժվածներն էին։ Բայց հանրային աջակցությամբ հաջողել նրանք, ակնհայտ էր, չէին կարողանալու։ Նրանք երբեք հանրային աջակցություն չեն ունեցել։ Իշխանության են եկել հեղաշրջման միջոցով, ինչպես եղավ 1998-ին, ապա շարունակել են մնալ իշխանության ոստիկանական մահակների օգնությամբ, ինչպես եղավ 2003-ի ընտրություններից հետո, ապա՝ գնդակահարությունների ու տանկերի օգնությամբ, ինչպես եղավ 2008-ին։ Միշտ էլ մեր քաղաքացին նրանց դեմ է քվեարկել։ Նրանց աջակցելու համար, նրանց իշխանություն վերադարձնելու համար մեր քաղաքացին մեծամասնություն չէր ապահովելու ու չի ապահովելու։ Ո՛չ փողոցում, ո՛չ ընտրությունների ժամանակ։

Իշխանությունները սա լավ գիտեն ու վաղվա ընտրություններին որպես մրցակից հենց նրանց էլ կարգելու են։ Կրկին հների հետ ձեռք ձեռքի տված, իրար ատելով ու իրար հայհոյելով փակելու են քաղաքական դաշտը։ Կրկին ընտրողին ստիպելու են ընտրել կա՛մ մերժվածին, կա՛մ պարտվածին։ Այլ տարբերակ չեն թողնելու։ Հատկապես որ նախկիններն էլ այս խաղին մասնակցելուն ու իրենց բաժինը ստանալուն դեմ չեն բոլորովին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին