«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը խուսափում է պատասխանատվությունից: Նա չի ստորագրում Հայաստանի համար վճռորոշ իրավական որևէ փաստաթուղթ: «Սահմանադրական դատարանի» մասին ՀՀ օրենքի 24-րդ հոդվածը հստակ սահմանում է՝ «Դիմումը Սահմանադրական դատարան է ներկայացվում գրավոր՝ իրավասու անձի կողմից ստորագրված։ Դիմումը ներկայացվում է թղթային կամ էլեկտրոնային եղանակով»: Այսինքն՝ կառավարության կողմից ՍԴ ուղարկված փաստաթուղթը, որն այս դեպքում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման պետական հանձնաժողովի կանոնակարգի մասին փաստաթուղթն էր, պետք է ստորագրված լիներ վարչապետի կամ տվյալ պահին նրան փոխարինողի կողմից։ Նիկոլ Փաշինյանը, սակայն, չի ստորագրել, փաստաթուղթը էլեկտրոնային ստորագրությամբ է ուղարկվել ՍԴ, ընդ որում՝ բացակայում է ձևը, նմուշը և համարը: Մեր տեղեկություններով՝ ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը մինչ այս բոլոր պայմանագրերի մասով գրել է հատուկ կարծիք, որ ստորագրության բացակայության դեպքում դիմումները չպետք է քննվեն ՍԴ-ում: ՍԴ-ն չպետք է վարույթ ընդուներ, քանի որ փաստաթուղթը պատշաճ կերպով ստորագրված չի եղել: Պարզվում է, ՍԴ-ն, առանց պատշաճ ստորագրության ուղարկված փաստաթուղթը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջեւ սահմանազատման պետական հանձնաժողովի կանոնակարգը, ոչ միայն վարույթ է ընդունում, այլ մի բան էլ խայտառակ որոշում է կայացնում, թե իբր այն համապատասխանում է մայր օրենքին»։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։ |