«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Լիբերալ քաղաքականության ինստիտուտը, որը երբեք մամուլի ազատության համար տեսանելի պայքար չի մղել, հիմա մամուլի սահմանափակման օրինագիծ է մշակում: Լիբերալ քաղաքացիական ինստիտուտի հիմնադիրը ԼՀԿ նախագահ, հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի կինն է՝ Տաթևիկ Մատինյանը։ Երեկ Երևանի մամուլի ակումբի հետ համագործակցությամբ ԼՔ ինստիտուտը կազմակերպել էր հանրային քննարկում՝ տեսալսողական մեդիայի կարգավորումների մասին։ Ի սկզբանե տեղեկացնենք, որ քննարկումն իրականացվում էր «Խթանել թափանցիկ և վստահելի մեդիայի զարգացումը Հայաստանում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։ ԼՔ ինստիտուտի նպատակն է քննարկման արդյունքում մշակել օրենսդրական փաթեթ։ Քննարկման արդյունքում պարզ դարձավ, որ Լիբերալ քաղաքականության ինստիտուտը, որը գրեթե որևէ կապ չունի լրագրության և ԶԼՄ գործունեության հետ, փորձում է դրամաշնորհով օրենսդրական բարեփոխումների փաթեթ մշակել, որը ձևակերպումներով կպայքարի ատելության խոսքի դեմ, իսկ իրականում համացանցային ազատ խոսքը լրջագույնս կսահմանափակի: Բայց փաթեթավորումը գեղեցիկ է անշուշտ: Ինստիտուտը մտադիր է վերահսկել ատելության խոսքի դրսևորումները ՀՀ ԶԼՄ-ներում և խախտումների դեպքում, որպես պատիժ, նախատեսելու է տուգանք, որի չափը դեռ հստակ սահմանված չէ։ Պարբերաբար խախտելու դեպքում՝ տուգանքին կարող է փոխարինել անգամ լրատվամիջոցի գործունեության դադարեցումը։ Բայց ինչպես է վերահսկվելու՝ չգիտեն անգամ իրենք»։ Մանրամասները՝ թերթի համարում։ |
Բաժանորդագրվել լրահոսին