Երևանի ավագանու անդամ, դասախոս Իզաբելլա Աբգարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երբ դասավանդողն ու ժամ գլորողը նույն հարթության վրա են դրված, նույն չափով են վարձատրվում, նույն վերաբերմունքին արժանանում, առաջինների թիվը պակասում է, երկրորդինն՝ ավելանում:
Երբ թղթի վրա գրված բյուրոկրատական պահանջներն ավելի կարևոր են, քան դասարանում/լսարանում տեղի ունեցողը, ստանում ենք «թղթով ամեն ինչ կարգին է, իրականում՝ խայտառակ» ինքնախաբեությունը:
Երբ առարկային հատկացվելիք դասաժամերը սահմանում է ոչ թե դասավանդողը՝ ելնելով սովորողի կարիքների գնահատումից և ակնկալվող արդյունքից, այլ՝ հաստիքակռիվը, ժամերով ապահովելու անհրաժեշտությունը, հաստիքացավը խժռում է դասընթացից սպասվող արդյունքը:
Երբ դասավանդողից չեն ակնկալում իր դասընթացն ավելի արդյունավետ անցկացնելու առաջարկներ, նոր գաղափարներ, դասավանդողն էլ դառնում է սովորեցնող մեքենա կամ ժամ գլորող: Այդպես բոլորին հարմար է:
Երբ դասավանդողից պահանջում են մոտիվացնել սովորողին, բայց չեն մտածում հենց նրան մոտիվացնելու մասին, մի բան էլ թևաթափ են անում, նույնն է, որ կրակի վրա ջուր լցնելով, պահանջեն ավելի շատ ջերմություն տալ:
Շնորհավոր ուսուցչի օրը»: