Հայաստանում հոկտեմբերի 4-6-ն արդեն 19-րդ անգամ անցկացվում է տարածաշրջանի ամենամեծ տեխնոլոգիական ցուցահանդեսներից մեկը՝ «ԴիջիԹեք Էքսպո 2024»-ը: Այս տարի առաջին անգամ ԴիջիԹեքի շրջանակում տեղի է ունենում նաև DigiInvest համաժողովը, որի առանցքում թվայնացման, ներդրումների ու ֆինանսական գրագիտության բարձրացման թեմաներն են: Ամերիաբանկը միացել է Դիջիթեքին՝ որպես ֆինթեք գործընկեր, և ներկայացնում է իր ներդրումային հարթակը՝ MyInvest-ը: MyInvest-ի միջոցով հնարավոր է րոպեների ընթացքում օնլայն բացել բրոքերային հաշիվ և առանց բանկ այցելելու գործարքներ կատարել հայկական, ամերիկյան, եվրոպական և ասիական երկրների բորսաներում, ինչպես նաև արտաբորսայական շուկաներում։ Հարթակով հնարավոր է գնել բաժնետոմսեր, պարտատոմսեր, եվրապարտատոմսեր, ETF-ներ։ «Մենք միակն ենք, որ ստեղծել ենք հավելվածն ինքներս ու դա իրականում շատ մեծ հնարավորություն է տալիս, որովհետև հնարավորություն ենք ստանում անմիջապես հաճախորդից իրենց կարծիքը ստանալ ներդրումների, հավելվածի հետ կապված»,- ասում է Ամերիաբանկի բրոքերային ծառայությունների ղեկավար Արտուշ Ենգիբարյանը։ MyInvest հարթակը հնարավորություն է տալիս ներդրումներ կատարել և բացահայտել խնայողության այլընտրանքային տարբերակներ: Հարթակի միջոցով բաժնետոմսերով, պարտատոմսերով և այլ ֆինանսական գործիքներով գործարքների կնքումը հնարավորինս պարզեցված է: Հաշված րոպեների ընթացքում ներդրողը կարող է բաժնետոմսեր, պարտատոմսեր կամ ETF-ներ գնելու կամ վաճառելու պատվեր կատարել, ինչպես նաև հետևել գործարքի կատարման ամբողջ ընթացքին, և ցանկացած պահի տեսնել փոփոխությունները։ Արտուշ Ենգիբարյանն ընդգծում է, որ, Աներիաբանկը կարևորում է ներդրումներ կատարելու մշակույթի ձևավորումն ու ֆինանսական գրագիտության բարձրացումը: Բանկը փորձել է իր տաղավարում ապահովել ներդրումների մասին գիտելիքների ընդլայնման միջավայր` խորհրդատվություն փորձառու բրոքերների հետ, ինչպես նաև փորձություններ, որոնց հիմքում լավ ներդրողին բնորոշ հատկանիշներն են՝ հեռատես, խելացի, համբերատար, հավասարակշռված, ռիսկային ու հաջողակ: Յուրաքանչյուր փորձություն բացահայտում և ամրապնդում է համապատասխան հատկանիշը, օրինակ` «Հեռատես» խաղը իրենից ենթադրում է մինի գոլֆ․ մասնակիցը փորձում է գնդակը գցել փոսիկի մեջ` օգտագործելով մականը, «Համարձակ»-ում մասնակիցը VR ակնոցով պետք է կարողանա վիրտուալ իրականության մեջ հասնել դեպի Կրակի նշանը` առանց վայր ընկնելու։ Ընդհանուր պետք է հաղթահարել նմանատիպ 6 խաղ-փորձություն: Ամերիաբանկի տաղավարում էր նաև Բանկի բրենդի դեսպան Սոս Ջանիբեկյանը, որը ևս իր ուժերն էր փորձում փորձությունները հաղթահարելու մեջ․ «Հաղթահարում եմ, արդեն հասել եմ փազլով Ամերիաբանկի լոգոն հավաքելուն և ահա, հավաքեցի: Բոլորը անցել եմ, Ամենաբարդը VR-ն էր»։ Ամերիաբանկի տաղավարի բոլոր այցելուները փորձություններն անցնելուց հետո ստանում են բրոքերային հաշիվ անվճար բացելու և իրենց առաջին բաժնետոմսը նվեր ստանալու հնարավորություն։ Ցուցահանդեսի ընթացքում նաև անցկացվում են տարբեր ձևաչափերով պանելային քննարկումներ և տեխնոլոգիական զրույցներ։ Ամերիաբանկի Առևտրային գործառնությունների դեպարտամենտի Արտարժութային և բրոքերային գործառնությունների գծով համատնօրեն Դիանա Հակոբյանը մասնակցեց «Թվային ներդրումների ապագան. նոր գործիքներ և հնարավորություններ ՀՀ ֆինանսական շուկայում» խորագրով քննարկմանը, որի ընթացքում մասնակիցները, մասնավորապես, կարևորեցին ՀՀ ներդրումային շուկայի զարգացումը և ամենատարբեր ոլորտներից մասնագետների ներգրավվածությունը: Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով MyInvest հարթակին՝ Դիանա Հակոբյանը հարթակի հիմանական առավելություններից առանձնացրեց ոչ աշխատանքային ժամերին բրոքերային հաշիվը կառավարելու և դրանով գործարքներ իրականացնելու հնարավորությունը։ «Հարթակը գործում է շուրջ երկու տարի։ Այդ ընթացքում մեծ քանակի բարելավումներ և զարգացումներ են տեղի ունեցել։ Հարթակում տալիս ենք հասանելիություն դեպի 30-ից ավելի շուկաներ և 25․000-ից ավելի գործիքներ։ Այստեղ ցանկացած ներդրող իր ցանկացած նպատակների և ռիսկի ախորժակի համար կարող է գտնել գործիք՝ ինչպես ցածր ռիսկային գործիքներ, այնպես էլ ավելի բարձր ռիսկային գործիքներ»,- հավելեց բանախոսը: Թվայնացման, ներդրումների ու ֆինանսական գրագիտության բարձրացման թեմաները՝ ԴիջիԹեքի օրակարգում Թվայնացման, ներդրումների ու ֆինանսական գրագիտության բարձրացման թեմաները՝ ԴիջիԹեքի օրակարգում |
Բաժանորդագրվել լրահոսին