«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը ԱԺ կանոնակարգի շատ դրույթների խախտումով վերջապես ավարտել է աշխատանքները, եզրակացությունն արդեն պատրաստ է։
ՔՊ-ից հայտնեցին, որ զեկույցը հիմա վերջնական ամփոփման փուլում է, սպասում են հանձնաժողովի անդամների հատուկ կարծիքներին, եթե իհարկե, այդպիսիք լինեն։ ԱԺ կանոնակարգ օրենքի 25-րդ հոդվածը սահմանում է՝ եթե քննիչ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ քառորդը զեկույցի վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նրանց ներկայացուցիչը կարող է Ազգային ժողովի նիստում՝ զեկույցի քննարկման ընթացքում, հանդես գալ հարակից զեկուցմամբ` ներկայացնելով հատուկ կարծիքը:
Արդեն այս ամիս՝ հոկտեմբերին, քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պետք է նամակով դիմի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, որպեսզի վերջինս դռնփակ նիստ նախաձեռնի քննիչ հանձնաժողովի զեկույցը ներկայացնելու համար։ ԱԺ կանոնակարգի համաձայն՝ զեկույցն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, քննարկվում է Ազգային ժողովի հերթական նիստում: Հարցը քննարկվում է հետեւյալ կարգով. նախ հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս քննիչ հանձնաժողովի նախագահը՝ ներկայացնելով հանձնաժողովի զեկույցը, որից հետո նրան կարող են հարցեր տրվել։
Սրան հաջորդում է մտքերի փոխանակություն, այնուհետեւ եզրափակիչ ելույթով հանդես է գալիս քննիչ հանձնաժողովի նախագահը: Հարցի քննարկումն ավարտվելուց հետո քննիչ հանձնաժողովի զեկույցը, ինչպես նաեւ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով ներկայացված հատուկ կարծիքն աշխատակարգով սահմանված կարգով ուղարկվում է զեկույցում նշված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններ ու պաշտոնատար անձանց, որոնք կարող են զեկույցի վերաբերյալ իրենց գրավոր պատասխանն Ազգային ժողովի նախագահին ուղարկել մեկամսյա ժամկետում»:
Մանրամասները՝ թերթի համարում: