Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Եվրոքվեի» հետքերով…
Ինչպես գիտենք՝ «Ժողովրդավարական ուժերի հարթակը», որը միավորում է չորս արևմտամետ կուսակցություն, մի քանի եվրոպամետ քաղաքացիական ակտիվիստների հետ կազմակերպել է ստորագրահավաք՝ Հայաստանի ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու համար։
Ըստ ՀՀ օրենսդրության անհրաժեշտ է 45 օրում հավաքել 50 հազար ստորագրություն, որպեսզի այն որպես նախագիծ ներկայացվի Ազգային ժողով, իսկ հետո ևս 300 հազար ձայն, որ այն հաստատվի:
Այս պահին 30 հազարի շեմը հաղթահարվել է և հավանական է, որ վերջիններիս կհաջողվի ամբողջացնել թվաքանակը:
Մնում է հասկանալ հետոն:
Բայց մինչ այդ.
ինչ խոսք, ողջունելի է նախաձեռնողների էնտուզիազմն ու անմնացորդ ոգևորվածությունը:
Մասնակիցներից շատերի մոտ նկատելի է մեկնարկած գործի հանդեպ անկեղծ ցանկությունն ու հավատը, գիտակցությունն ու պատասխանատվության զգացումը:
Մարդիկ պրոցես են ուզում գեներացնել, անկախ նրանից, թե արդյո՞ք ներքուստ հավատում են ցանկալի վերջնարդյունքին, դրա արդյունավետությանը և թե առհասարակ՝ ի վերջո սա այն է՞, ինչ պետք է Հայաստանին ու Հայ ժողովրդին, թե՞ զուտ ամբիցիոզ ցանկություն-երազանք է, որը վաղը կարող է փոշիանա:
Բայց այդ մարդկանց շարքերում կան «փսևդոարևմտամետներ», որոնք ընդհանրապես եվրոպական արժեհամակարգի հետ աղերս չունեն, դրանց կրողն ու հետևողը չեն:
Նրանց շարքերում կան մարդիկ, որոնց եթե հարցնենք, թե ԵՄ-ի դրոշի վրա քանի աստղ կա՝ չգիտեն, բայց փողոցներում ինքնամոռաց թափահարում են ԵՄ-ի դրոշը, որոնք Սլովենիան Սլովակիայից չեն տարբերում, «Եվրոպա» աշխարհամասի ֆիզիկապես գտնվելու վայրն անգամ չգիտեն, գեթ մեկ անգամ եվրոպական որևէ երկրում չեն եղել, այնտեղի կենսակերպը չեն տեսել, տարրական պատկերացումներ չունեն Եվրոպական Միության և նրա անդամ երկրների իրական քաղաքականության վերաբերյալ, բայց եվրոգովք են անում:
Գուցե գեղարվեստական ֆիլմերի տակ են մնացել, լսել ու հեռուստացույցով տեսել են քաղաքակիրթ, խնամված Եվրոպան ու ոգևորվել:
Բնավ չարախնդություն չէ, բայց պարզվում է՝ «Եվրոքվե» օրենսդրական նախաձեռնության 51 հեղինակ-առաջամարտիկներ, որոնք իրավաբաններ, քաղաքագետներ, միջազգայնագետներ ու առավոտից երեկո լուրջ դեմքով Հայաստանի ճակատագիրը որոշող «վերլուծաբաններ» են՝ կազմակերպության ճիշտ անվանումն անգամ չգիտեն, «Եվրոպական Միությունը» Եվրոպայի Միությունից չեն տարբերում, սակայն այդ կառույցին անդամակցելու ցանկություն են հայտնում:
Լիդերներ, որոնք մի հասարակ երկտող տեքստի մեջ երկու լուրջ վրիպակով փաստաթուղթ են Կենտրոնական Ընտրական Հանձնաժողով հանձնում, «Հայաստանի Հանրապետությունն» էլ փոքրատառով գրում:
Ու այս մարդիկ ստորագրահավաք են անում, որպեսզի գնանք մի տեղ, որտեղ մեզ չեն սպասում ու որտեղից մեզ չեն էլ կանչել։
Ու սա անում են այն պարագայում, երբ Բրյուսելից բաց տեքստով ասում են, որ իրենց օրակարգում Հայաստանի անդամակցության հարց չկա:
Վերջերս «Ազատության» հետ հարցազրույցում, ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն էլ իր հերթին ուղիղ տեքստով ասաց, որ «Հայաստան-Եվրամիություն» բանակցությունները որևէ կապ չունեն անդամության թեկնածության հնարավորությունների հետ»:
Հետաքրքիր է՝ Ստանոյի կոնկրետ հայտարարությունից հետո ի՞նչ փաստարկներ են բերելու այս քաղաքական ուժերը, ովքեր ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե են նախաձեռնել:
Մանավանդ, երբ աներկբա է, որ անդամակցելու քաղաքական ու իրավական հիմքեր չկան:
Սա ինչ է, եթե ոչ ինքնախաբեություն, ժամավաճառություն ու սեփական ժողովրդին հուսախաբության ու կեղծ
ակնկալիքների բաժանում:
Չնայած՝ նորություն չէ, որ Հայաստանի քաղաքական դաշտը լեցուն է «հույսի վաճառականներով», ովքեր պարբերաբար ժողովրդին «քաղցր» սուտ ու «հաճելի» հավատ են կերակրում:
Ակամա աչքիդ առաջ է գալիս հարևան Վրաստանը, որը ԵՄ-ի հայտ է ներկայացրել 2006 թվականի հոկտեմբերի 2֊ին, նույն օրը ստորագրվել է երկկողմ փաստաթուղթ, անցել է 18 տարի, բայց 18 սանտիմետր Եվրոմիությանը չի մոտեցել։
Ընդ որում, չկա ոչ մի էական խոչընդոտ, առավել ևս, որ Վրաստանն ըստ պայմանավորվածությունների գրեթե ավարտական տեսքով իր ներքին օրենսդրությունը համապատասխանեցրել է պահանջված եվրոպական չափորոշիչներին:
Պարզվում է՝ ԵՄ-ի քիմքին ոչ հաճո այս իշխանությունները տապալել են երկկողմ հարաբերություններն ու ջուրն են գցել տարիների ձեռքբերումները, որ այսօր Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին «ստիպված» պետք է հայտարարի, թե «ներկայումս իշխող կուսակցության օրոք Վրաստանն երբեք չի դառնա ԵՄ անդամ»:
Էլ չեմ ասում Թուրքիայի մասին, որը կազմակերպության անդամակցության պաշտոնական հայտը ներկայացրել է 1987 թվականի ապրիլի 14-ին, սակայն պահանջվել է 12 տարի, որ ստանա պաշտոնական թեկնածուի կարգավիճակ, իսկ 2005 թվականի հոկտեմբերի 3-ից առ այսօր վերջինիս հետ ընթանում են անդամակցության բանակցությունները, սակայն ապարդյուն, քանզի այդպես էլ տրամաբանական ավարտ տեղի չի ունենում:
Տասնյակ տարիներով նույն պրոցեսի մեջ են՝ Մոլդովան ու Ուկրաինան:
Ինչևէ:
Այն, որ բազմավեկտոր արտաքին քաղաքականության համատեքստում խիստ կարևոր է ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացումը՝ փաստ է:
Որ Հայաստանը և հայ ժողովուրդն, ընդհանուր առմամբ, արևելաեվրոպական քրիստոնեական քաղաքակրթության մաս է՝ դա ևս փաստ է:
Այն, որ ԵՄ անդամ և ոչ անդամ երկրների հետ Հայաստանը միշտ ունեցել և ունենալու է տարբեր մակարդակի հարաբերություններ՝ դա ևս այդպես է:
Բայց ԵՄ անդամության հայտ ներկայացնելն առավել ևս այսօրվա Հայաստանի համար՝ մեղմ ասած երազախաբություն է:
Եվ հետո.
Եվրամիության երկիր դառնալու համար դու պետք է հարևան լինես ԵՄ անդամ որևէ մի երկրի կամ գոնե ելք ունենաս դեպի բաց ծով, որպեսզի կարողանաս Եվրամիության անդամ երկրների հետ առևտուր անել:
Շատերի մոտ կա նաև թյուր կարծիք, որ եթե Հայաստանն անդամագրվի ԵՄ, ապա մեր մասով վերջինս ռազմական ու անվտանգային պարտավորություններ ու գործառույթներ է իր վրա վերցնելու:
Նրանք չգիտեն, որ ԵՄ-ն ռազմաքաղաքական կառույց չէ, չունի սեփական բանակ, խաղաղապահ ուժեր, հետևաբար՝ օժտված չէ անվտանգության ապահովման բաղադրիչով:
Լավագույնը որը ԵՄ-ն ունի և կարող է տրամադրել, դա մոնիտորինգային գործառույթներ իրականացնող փորձագետներն են:
Այսպիսով, դեռևս 1999 թվականին մեկնարկած՝ Գործընկերություն հանուն համագործակցության և Եվրոպական հարևանության քաղաքականության արդյունքում այսօր ԵՄ-ի հետ, հողի վրա մենք ունենք 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում Հայաստանի և Եվրոպական Միության միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը (CEPA):
Տարիներ տևած բանակցություններից հետո Եվրամիությունն անդամ բոլոր երկրների դեսպանների մակարդակով ի վերջո հավանություն տվեց Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու՝ Եվրահանձնաժողովի առաջարկին:
Եվրահանձնաժողովն իր հերթին դեռ պետք է հայտարարի, թե կոնկրետ ե՞րբ է սկսում բանակցությունները և գործողությունների ինչ ծրագիր է դնում Երևանի առջև:
Օրինակ Մոլդովայի դեպքում պահանջվեց 3-ից 4 տարի, Վրաստանից՝ 5, Ուկրաինայից՝ 9։
Թուրքիայի հետ բանակցությունները 10 տարուց ավելի է դեռ շարունակվում են:
Այնպես որ, ամեն մի երկիր տարբեր կերպ է անցնում այդ ճանապարհը։
61 երկիր հիմա սպասում է:
Այս ամենը մեզ հուշում է, որ իրատեսականն ու ռացիոնալը պետք է տարբերել կեղծ ու սին օրակարգերից, իսկ սպասումները պետք է հիմքեր ունենան ու արդարացված լինեն:
Ամեն դեպքում լավատեսությունը որքան էլ, որ քաղաքական կատեգորիա չէ, միևնույն է՝ լավ բան է:
Ինչպես «մաեստրոն» էր ասում ՄԱԿ-ի ամբիոնից՝ «Լավն ասենք, որ լավ լինի»…
Լավ եղեք, բարեկամնե՛ր…»։