Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 07։40-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Վաղարշապատի բաժին է զանգահարել 56-ամյա Մաթևոս Պողոսյանը և խնդրել, որ Էջմիածին քաղաքի Սուրբ Գայանե եկեղեցի ոստիկան մոտենա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 02։00-ից մինչև 05։00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձն օգտվելով եկեղեցու պատուհանը բաց լինելու հանգամանքից, մուտք է գործել եկեղեցի, երկաթյա ձողերի միջոցով կոտրել է գանձանակի փականը և հափշտակել ներսի գումարը՝ պատճառելով նյութական վնաս: Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։ Շամշյանի տեղեկություններով՝ Մաթևոս Պողոսյանը Սուրբ Գայանե եկեղեցու վարդապետն է։ |