ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի մեծահասակ բնակչության շուրջ 13%-ն ունի կուրության բերող առնվազն մեկ ակնային հիվանդություն: Սիրեք ձեր աչքերը և իմացեք, թե ինչպես կարող եք կանխել և բուժել տեսողության խանգարումները
Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ ամեն տարի հոկտեմբերի երկրորդ հինգշաբթի օրը նշվում է որպես տեսեղության համաշխարհային օր։ Այն տոնվում է անդրադառնալու կուրության և տեսողության խանգարման խնդրին` կոչ անելով հասարակությանն աչալուրջ լինել աչքերի առողջության նկատմամբ։ Այս տարի տեսողության համաշխարհային օրվա միջոցառումները անցկացվում են «Երեխաներ, սիրե՛ք ձեր աչքերը» կարգախոսի ներքո` նպատակ ունենալով հասարակության ուշադրությունը հրավիրել մանկության շրջանում տեսողության խնդիրների կանխարգելման, վաղ ախտորոշման և բուժման կարևորության վրա:
ԱՀԿ տվյալների համաձայն` աշխարհում շուրջ 2․2 միլիարդ մարդ տեսողության խանգարումներ ունի, ընդ որում նրանցից 39 միլիոնը կույր է: Տեսողության խնդիրներ ունեցող երեխաների թիվը կազմում է 19 մլն, նրանցից 1․4 մլն․ անդառնալիորեն կույր է։ Նշված 2․2 միլիարդ մարդկանցից առնվազն 1 միլիարդը ունեն տեսողության խանգարումներ, որոնք կարելի էր կանխել կամ վերացնել: Տեսողության խանգարմամբ մարդկանց գրեթե 90%-ը բնակվում է ցածր եկամուտ ունեցող երկրներում։
Տեսողության խանգարման հիմնական պատճառներն են՝ չբուժված ռեֆրակցիոն սխալները (կարճատեսություն, հեռատեսություն կամ աստիգմատիզմ)՝ 43%, չվիրահատված կատարակտը՝ 33%, գլաուկոման՝ 2% և տարիքային մակուլյար դեգեներացիան՝ 1.6%։
>40 տ. յուրաքանչյուր վեցերորդի և >80 տ. անձանց ճնշող մեծամասնության մոտ ախտորոշվում է կատարակտա: Դպրոցական տարիքի երեխաների մոտ կարճատեսության հանդիպման հաճախականությունը գրեթե 20% է, ուսանողների շրջանում` մինչև 40%: Սրան նպաստում է նաև թվային սարքերից օգտվելու անվերահսկելի ժամանակը: Շաքարային դիաբետով տառապող յուրաքանչյուր երրորդի մոտ հայտնաբերվում է դիաբետիկ ռետինոպաթիա: Այս հիվանդությունների 75%-ը հնարավոր է բուժել կամ կանխարգելել, իսկ ժամանակին բուժվելու դեպքում կուրության դեպքերի շուրջ 80%-ից հնարավոր է խուսափել:
Հայաստանում աչքի հիվանդություններն առավել տարածված են 50 և բարձր տարիքային խմբում: Հայաստանի մեծահասակ բնակչության շուրջ 13%-ն ունի կուրության բերող առնվազն մեկ ակնային հիվանդություն:
Տեսողության խանգարումների զարգացմանը նպաստող հիմնական ռիսկի գործոններն են՝
• >50 տարիքը․ տեսողական խանգարումներ ունեցող մարդկանց 65%-ը և կույր անձանց 82%-ը 50-ից բարձր տարիքի են։
• Իգական սեռը /կանայք կրկնակի հաճախ են հիվանդանում/
• Ժառանգակական նախատրամադրվածությունը
• Հեռուստացույցի, համակարգչի, սենսորային հեռախոսների, պլանշետների պայծառ էկրանները
• Ծխելը
• Ոչ բալանսավորված, վիտամիններով աղքատ սնունդը
• Ավելորդ քաշը և ճարպակալումը
• Սիրտ-անոթային հիվանդությունների առկայությունը
• Շրջակա միջավայրի անբարենպաստ ազդեցությունները։
Տեսողության խանգարումների ժամանակ ամենահաճախ հանդիպող ախտանշաններից են՝
• հեռու կամ մոտ պատկերները տեսնելու դժվարությունը
• ակնագնդում ցավի կամ անհարմարության զգացումը
• երկարատև կամ արտահայտված աչքերի կարմրածությունը
• արցունքահոսությունը
• աչքերի չորությունը
• աչքերում օտար մարմնի զգացողությունը
• լույսի հանդեպ աչքերի գերզգայունությունը
• երկարատև կամ ուժեղ քորի զգացումը
• սև բծեր կամ կայծեր տեսադաշտում, մշուշված տեսողություն։
Աչքի հիվանդությունների կանխարգելման նպատակով խորհուրդ է տրվում պարբերաբար այցելել ակնաբույժին և ժամանակին ստուգել տեսողությունը: Մեկ կամ երկու ռիսկի գործոն ունեցող մարդկանց համար տարեկան 1-2 անգամ ակնագնդերի հետազոտությունը պետք է դառնա նորմա։ Տեսողության խանգարումների մասին վկայող ախտանիշներից թեկուզ մեկի դեպքում խորհուրդ է տրվում դիմել ակնաբույժի օգնությանը։ Մասնագետի կողմից իրականացված հետազոտությունները թույլ կտան վաղ շրջանում բացահայտել հնարավոր խնդիրները և ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ: Բժիշկը կարող է առաջարկել նաև տեսողության շտկման հնարավոր մեթոդներ։
Աչքի հիվանդությունների կանխարգելման միջոցառումները ներառում նաև պարզ կանոնների պահպանում, որոնք օգնում են լավ տեսողություն պահպանել: Մասնագետները խորհուրդ են տալիս չծխել։ Տեսողության խանգարումներ ունեցող անձանց խորհուրդ է տրվում սննդակարգում օգտագործել ցանցաթաղանթի արյունատար անոթները ամրացնող մթերքներ /հապալաս, գազար, մաղադանոս և այլն/։ Խորհուրդ է տրվում նաև հնարավորինս քիչ ժամանակ անցկացնել հեռախոսների, հեռուստացույցի և համակարգչի առջև և պահպանել 20-20-20 կանոնը, այն է` 20 րոպե էկրանային ժամանակից հետո 20 վայրկյան ընդմիջել և այդ ընթացքում նայել 20 ֆունտ /6մ/ հեռավորության վրա գտնվող ինչ-որ առարկայի»։