Ռուսական պետական RIA Novosti գործակալությունը նախօրեին իր պատրաստած ֆոտոռեպորտաժից հեռացրել է Նիկոլ Փաշինյանի անհաջող լուսանկարները, որոնք հայկական մեդիադաշտում բողոքի ալիք էին բարձրացրել։ Հիշեցնենք, նախօրեին ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստից կրեմլյան լրատվամիջոցի պատրաստած ֆոտոռեպորտաժում գործակալության ֆոտոլրագրողը վերջնական ռեպորտաժում ներառել էր Փաշինյանի` պաշտոնական էթիկային չհամապատասխանող, անպարկեշտ և անտեղի երկու լուսանկար։ Դրանցից մեկում Նիկոլ Փաշինյանը խոնարհված էր Ադրբեջանի դրոշի առջև, իսկ մյուսում Իլհամ Ալիևի հայացքի ներքո ուղղում էր տաբատը։ Ռեպորտաժում կար ԱՊՀ ղեկավարների շուրջ 200 լուսանկար, բազմաթիվ ուշագրավ կադրեր, սակայն միայն Նիկոլ Փաշինյանից էին ներառվել նման անհարմար կադրեր։ Այսօր պարզ դարձավ, որ ֆոտոռեպորտաժից հեռացվել են Փաշինյանի անհաջող լուսանկարները։ Նախօրեի 191 լուսանկարի փոխարեն՝ այսօր կարելի է գտնել 189 լուսանկար։ Ի դեպ, թեև Փաշինյանի վերոնշյալ երկու լուսանկարներն ամենաաղմկահարույցն էին, սակայն իրենց բնույթով միակը չէին, ֆոտոռեպորտաժում կարելի է Փաշինյանի մասնակցությամբ բազմաթիվ անհաջող լուսանկարներ գտնել։ |