Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա տարբեր վերլուծաբաններ բացատրում էին հավաքական արեւմուտքի` հետզհետե առարկայական դարձող դժգոհությամբ առ «երբեմնի ժողովրդավարության բաստիոնի», իրականում առ հակառուսականության միջնաբերդի գործողություններից։ Արեւմուտքում կարծես Փաշինյանի «ապագա կա» պատումը հուսադրող չէ։ ԱՄՆ հետախուզության տարաբնույթ ազդեցիկ պաշտոնյաներ արդեն երկու շաբաթ է` փորձում են «կրծել» ՔՊ արտաքին քաղաքականության գրանիտը, բայց ապարդյուն։ Փաշինյանն իր արտգործնախարարի հետ մեկնեց Մոսկվա ԱՊՀ գագաթնաժողովի։ Գրանցված արդյունքներից ամենաակնառուն՝ Փաշինյանի անձնական ներբող-գովքն էր Ալիեւի հետ իր երկկողմ հարաբերությունների լուսապսակ ապագայի մասին, ներկան ապահովել են՝ հայկական շահերը բացարձակ արհամարհող սահմանագծում են արել, ՀՀ ՍԴ դատավորները մեր ազգային եւ սահմանադրական արժեքները խարխլող եզրակացություն են տվել ՀՀ-Ադրբեջան սահմանազատում-սահմանագծման ինչ-որ կանոնակարգի, որ մեզ պարտադրում է անկախության հռչակագրից հրաժարվելու կոչերով հանդես եկող միջազգային հանցագործ, ցեղասպան Ալիեւը։ Ցնծա ՔՊ՝ Ռուսաստանն ընդառաջ է գնում փաշինյանական երազին՝ մերձենալ Ալիեւին. Լավրովն ավետագույժ եղավ. «Հաջորդ տարի մշակութային քաղաք ճանաչել ադրբեջանական Լաչինը, 2026 -ին՝ հայկական Մեղրին, 2027 -ին բելառուսական Մոլոդեչնոն», - արձանագրեց Լավրովը՝ ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի աշխատանքային հանդիպման ժամանակ։ Ազգային- պետական կապիտուլյացիայի հերթական շրջափուլն է։ Ապագայի ցուցիչը Փաշինյանի հեծանվային արշավը կարող է լինել «ադրբեջանական Լաչին» դարձած հայոց Բերձորի փողոցներով, գուցե Միրզոյանն էլ միանա կամ ուղեկցող մեքենաներից հետեւի ձախողումների հեծանվավազքին, եթե, իհարկե, աղան՝ Ալիեւը, համաձայնի։ Իսկ Մեղրիի մասին մտածելիս դժգույն եւ դժբախտ ամպեր են նշմարվում։ Եկել է «կամ-կամ»-ի ժամանակը. կամ հեծանիվը, կամ ինքնիշխան Հայաստանը եւ ոչ թե Հայաստան- Ադրբեջան միութենական միասնությունը Մեղրիով, Բերձորով»։ |
Բաժանորդագրվել լրահոսին