Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը․ «Չնայած նրան, որ Նիկոլ Փաշինյանը բոլոր իզմ-երից ընտրել է խեղճիզմը, Ալիևն ասում է՝ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ռևանշիստական տարրեր ունի։ «Չգիտեմ՝ Ալիևը որտեղի՞ց է տեսնում այդ ռևանշիզմը, որը ոչ ոք չի տեսնում, բայց դե, Փաշինյանի աջակիցները սիրում են, չէ՞ ասել՝ ամեն ինչ գցեցին խեղճ հարիֆի գրպանը, կասեն՝ հիմա էլ Ալիևը ռևանշիզմը գցում է խեղճ հարիֆի գրպանը: Իսկ իրականում, Ադրբեջանը փորձում է իր համար «ալիբիներ» ստեղծել, բայց բոլորին պարզ է, որ իրավիճակը սրողը, խաղաղության չգնացողն Ադրբեջանն է, որ Փաշինյանն աննախադեպ քանակի միակողմանի զիջումներ է արել՝ ինչ-որ մի թուղթ պոկելու համար, որի վրա խաղաղություն գրված կլինի, որ ինքն էլ հանրությանն ասի՝ տեսեք, բերեցի այդ բաղձալի թուղթը, Ալիևն էլ չի ուզում ոչ մի թուղթ տալ, չի ուզում իրեն ոչնչով սահմանափակել, դրա համար հորինում է տարբեր մեղադրանքներ: Այսօր Ադրբեջանի քաղաքականությունը միտված է Արևմուտքին դարձնել պատասխանատու՝ ապագա հնարավոր ռազմական գործողությունների համար: Շրջանառում են տարբեր թեզեր, թե իբր Հայաստանի համար Արևմուտքը Մարշալի պլան է գծել, վերածում է պլացդարմի, բայց բոլորին պարզ է, որ դա իրականությունից հեռու է: Հայաստանը մինիմալ քայլեր է անում պատերազմից հետո ինչ-որ բան վերականգնելու ուղղությամբ, դրա ներքո հիմնականում շոու է դրած, քան ծրագիր. Լավ է, որ զենքը գնում են, բայց եթե ԶՈւ մոդեռնիզացիայի, ընդհանուր բանակի, պետության առաջ նպատակ չի դրվում, երբ երկրի ղեկավարն ասում է՝ կոնֆրոնտացիայի չենք գնալու, մեր հողերը եթե չտան, ուժի չենք դիմելու, այս ամենը դառնում է երկրորդական և աննպատակ: Ուստի ինձ համար դա ավելի շատ հանրությանը ներկայացվող շոու է, քան իրական գործողություններ բանակի մոդեռնիզացիայի ուղղությամբ, էլ չեմ խոսում՝ ոչ մարտական պայմաններում բանակում զոհերի մասին»»: |
Բաժանորդագրվել լրահոսին