ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Չորս տարի անցավ, բայց դեռ պարզ չէ խաղաղության պայմանագրի ճակատագիրը»․ Գարիկ Քեռյան
00:42, 12.10.2024 | mamul.am
1011 | 0

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եվ այսպես, շուտով կգա 2024թ. նոյեմբերը, որը խորհրդանշում է Արցախյան երկրորդ պատերազմի ավարտը, Հայաստանի բազմադարյան պատմության ծանր կորուստների հիշողություններով: Չորս տարի անցավ, բայց դեռ պարզ չէ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ճակատագիրը, որը փաստացի նշանակում է կիսապատերազմական դրության պահպանում: Ըստ Երևանից հնչող պաշտոնական տեղեկատվության պայմանագրի 80%-ը համաձայնեցված է, մնացածը՝ ոչ: Պայմանագիրը չի կնքվում չհամաձայնեցված հոդվածների պատճառով: Երևանի և Բաքվի միջև պայմանավորվածության համաձայն պայմանագրի տեքստը գաղտնազերծված և հանրայնացված չէ, որն ըստ էության չի խոչընդոտում հայաստանյան մեդիադաշտում հերոսացող ռահվիրա «քաղաքագետներին» ժամը մեկ հարցազրույցներ տալ և քննդատել ում, որ հնարավոր է: Վոլեյբոլի խաղի նման պայմանագրի տեքստը 10-12 անգամ էլեկտրոնային տարբերակով Երևանից Բաքու և հակառակ ուղղությամբ թռիչքներ է կատարել , բայց դեռ սեղանին չի դրվել և մնում է օդում կախված: Կհամաձայնեցվե՞ն արդյոք վիճելի հոդվածները, թե ոչ, ինչ ժամկետներում, դժվար է հստակ կանխատեսել, բայց իմ կարծիքով դրա լուծման բանալին անմիջականորեն կապված Է առաջիկա ամիսների գերկարևոր քաղաքական իրադարձությունների ելքի հետ: Փորձեմ թվարկել դրանք: Առաջին. Նոյեմբերի առաջին շաբաթում կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքներ: Թրամփի ընտրվելու դեպքում հավանական է զինադադարի կնքում ուկրաինական պատերազմում, որը Պուտինին հնարավորություն կտա ավելի խիստ ճնշում գործադրել կողմերի վրա ռուսական պետական շահերը հաշվի առնելու համար: Երկրորդ. Իսրայել-Իրան առճակատման զարգացումների հետևանքները, որոնք Ալիևի ակտիվության վրա ազդող կարևոր գործոն կդառնան: Երրորդ. Հոկտեմբերի 26-ին Վրաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնք էական նշանակություն ունեն ռուսական ազդեցության չափաբաժնի ավելացման առումով, որովհետև ներկա իշխանությունները հստակորեն երկիրը հանում են արևմտյան ազդեցության գոտուց և արդեն վաստակել են Վաշինգթոնի և Բրյուսելի զգուշացումներն ու սպառնալիքները: Չորրորդ. Անկարայի և Բաքվի հարաբերություններում նկատվող նոր միտումները կապված ռուսական ռելսերի վրա տեղափոխվելու և դեպի հյուսիսային հարևան տեղաշարժվելու ադրբեջանական իշխանությունների քայլերի հետ: Այս իրողությունը պարզ է, որ դժկամությամբ է ընդունվելու Անկարայի կողմից: Ալիևը շատ լավ և հստակ գիտակցում է այս իրադարձությունների նշանակությունը և հավանաբար չի շտապում, դեռ ավելին, նրա հռետորաբանությունը ցույց է տալիս, որ ժամանակ է ձգում առավել նպաստավոր պահի և ավելի մեծ օգոտներով պայմանագիր կնքելու համար: Այս հանգամանքները թելադրում են առավել զգույշ և հավասարակշռված արտաքին քաղաքական դիրքորոշումներ ունենալ և խուսափել ավելորդ բարդություններից, հատկապես ուժային հարևանների՝ ՌԴ, Թուրքիա, Իրան եռանկյունու նկատմամբ»։

Աղբյուրը` Գարիկ Քեռյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին