ՀՀԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինտիտուտի և Մյունստերի համալսարանի հնագետներն Արտաշատ քաղաքի մոտակայքում իրականացվող հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերել են նախկինում անհայտ վաղքրիստոնեական տաճարի հիմքեր: Տաճարն իրենից ներկայացնում է խաչաձև հատակագծով ութանկյուն շինություն: Հնագետները պեղել են եկեղեցու տարբեր հատվածները և ուսումնասիրել ռադիոֆիզիկական մեթոդով: «4-րդ դարով թվագրվող այս շինությունը, որը կարելի է համարել Հայաստանի տարածքում փաստագրված ամենահին եկեղեցին, ցնցող ապացույց է Հայաստանում վաղմիջնադարի առկայության մասին»,- նշել է Մյունստերի համալսարանի պրոֆեսոր Ախիմ Լիխտենբերգը: Տիպաբանորեն այս կառույցը համապատասխանում է վաղքրիստոնեական նմանատիպ կառույցներին: Խաչաձև հատվածներում ուսումնասիրողները հայտնաբերել են փայտե հարթակներ, որոնք ռադիոածխածնային մեթոդով թվագրվել են 4-րդ դարի կեսերով: 30 մետր շառավղով ութանկյուն այս շինությունն ունեցել է հասարակ շաղախե հատակ և տերակոտե սալիկներ: Մարմարի գտածոները խոսում են այն մասին, որ այս շինանյութը բավականին շռայլորեն կիրառվել է շինության մեջ և բերվել է միջերկրածովյան տարածքներից: Հայ-գերմանական խումբն Արտաշատում պեղումներ է իրականացնում սեպտեմբեր ամսից: Նրանք շարունակում են իրենց աշխատանքները և հույս ունեն նոր բացահայտումներ կատարել, այդ թվում այն, թե ո՞ւմ է նվիրված եղել եկեղեցին: |