Պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․ «Արտաշատ մայրաքաղաք, կամ չօգտագործվող հնագիտական ժառանգության մասին
Բոլորովին վերջերս լրատվամիջոցներն անդրադարձան Արտաշատ մայրաքաղաքի տարածքում վաղքրիստոնեական եկեղեցու մնացորդների հայտնաբերմանը, որն ինքնին մեծ իրադարձություն է և պետք է սպասենք նորանոր տվյալների ի հայտ գալուն: Սրա հետ մեկտեղ, չեմ կարող չնշել, որ այս լուրը տարածվեց ոչ թե հայկական լրատվամիջոցների կամ հայ հնագետների նախապես պատրաստած նյութի հիման վրա, այլ հայ-գերմանական հնագիտական արշավախմբի գերմանացի հետազոտողների հրապարակումից հետո: Ես նույնպես բացառություն չէի և այդ մասին տեղեկացա դրսի աղբյուրներից:
Այս գրառումով ցանկանում եմ անդրադառնալ մեր մշակութային ժառանգության ճիշտ ու ճշգրիտ մատուցման ու հանրահռչակման խնդիրներին: Այս ոլորտում, անշուշտ, առաջնային դերը պատկանում է պատմության թանգարաններին, որոնք գործում են Երևանում և մարզերում՝ երկրագիտական թանգարանների կարգավիճակով: Հիմա եկեք պատկերացնենք մի հնավայր, որի տարածքը պարբերաբար աղճատվում է բնակելի շենքերով, գերեզմաններով ու վարելահողերով և որտեղից պարբերաբար և շատ դեպքերում պատահականորեն հայտաբերվում են արվեստի գլուխգործոցներ: Այդ հնավայրի անունը Արտաշատ է, որը հույն պատմիչ ու աշխարհագրագետ Ստրաբոնն իր գեղեցկության համար անվանում է «Հայկական Կարթագեն»: Ահա այս «Հայկական Կարթագենի» տարածքում պարբերաբար աշխարհացունց բիզնես նախագծեր են մշակվում՝ առանց հաշվի առնելու հնագետների կարծիքն ու հայկական այս բացառիկ ժառանգության պահպանման, հանրահռչակման և մեր երկրի յուօրինակ բրենդներից մեկը դարձնելու կարևորությունը:
Եթե փորձենք հասկանալ պատմական Արտաշատի հարստությունների ծավալն ու բացառիկությունը, միայն նշեմ, որ դասագրքային դարձած «Արտաշատի Աֆրոտիտեն» հայտնաբերվել է հնագիտական հետախուզական շուրֆ փորելու առաջին օրը՝ բահի առաջին իսկ հարվածներից հետո: Նույն կերպ հայտնաբերվել է նաև Տրայանոսի շքեղ լատինատառ արձանագրությունը: Իսկ մարմարե արձանիկի ոտքը գտնվել էր հարևան գյուղերից մեկի պատի մեջ՝ երբ այն օգտագործվել էր որպես շաղախի լիցքի քար:
2009թ. շատ պատահականորեն այնպես ստացվեց, որ ես դարձա հնագիտական հետազոտություններ իրականացնելու համար բավական լուրջ միջոցներ տրամադրելու հիմնական լոբբիստը: Հնագիտական նորանոր հայտնագործությունների արդյունքում ազգային ինքնության հիմնատարրերը նաև հնագիտական այս նոր ցուցիչներով հարստացնելու ռազմավարությունն էր, որ ստիպեց ինձ հանդես գալ նման դերով: Այդ ռազմավարության սահմանները դուրս են գալիս սոսկ պատմամշակութային ժառանգության կոչվելուց. այն ռազմավարություն է, տեղեկատվական պատերազմի ու ինքնության պահպանման հրամայական: Արտաշատի ու Դվինի պարագայում ունենք ահռելի մի ներուժ, որի ճիշտ մատուցումն ու հանրահռչակումը, առաջին հերթին հենց Հայաստանի ներսում, մշակութային ու պետական քաղաքականության կարևորագույն օղակը պետք է հանդիսանա:
Դավադրության տեսության մասին
Ընդունված է դավադրությունների տեսության մասին խոսելիս չեզոքացնել անգամ լուրջ հիմքեր ունեցող կասկածները՝ այս կամ այն հարցի մասին: Կրկին ու կրկին հիշեցնում եմ յոթ տարի առաջ Աղձք գյուղում հայտնաբերված քարե սարկոֆագների մասին, որտեղ պետք է որ ամփոփած լինեին հայ Արշակունի արքաների մասունքները: Խայտառակ ու միջակ բեմադրության ուղեկցությամբ, այդ սարգոֆագները բացվեցին, իսկ հնագետներն էլ խոստացան, որ դրանք կհետազոտվեն և դրանց արդյունքները կհրապարակվեն: Ո՞րտեղ են գտնվում հայ Արշակունի արքաների մասունքները և ինչու՞ որևէ տեղեկություն չկա հետագա անելիքների մասին: Այս հարցերն առայժմ մնում են անպատասխան: 2000-1700 տարի առաջ ապրած արքաների մասունքներին մենք վերաբերվեցինք այնպես, ինչպես կվերաբերվեին շարքային դամբարանի բացմանը: Այն չվերածվեց, այո՛, թեկուզ ուճացված ու բեմականացված լուրջ իրադարձության, մեր քայքայվող ինքնության ամրակայման ու համազգային համախմբումը ցեմենտող գործոնի:
Այլ երկրների պարագայում, այն կդառնար պետական ու ազգային կարևորության միջոցառում, իր բացառիկ էներգետիկայով ու սեփական պատմության ու ժառանգության հանդեպ ակնածանք սերմանելու հաստատ հրամայականով:
Փոխարենը Հայաստանում արագընթաց տեմպերով զարգանում է սև հնագիտությունը: Այո՛ հազարավոր հնագիտական առարկաներ դուրս են բերվում մեր երկրից և հանգրվանում են դրսի մասնավոր հավաքածուներում: Այդ մասին չկա համազգային ահազանգ, չկան գործուն քայլեր այս չարիքն արմատախիլ անելու ուղղությամբ:
Այո՛, ես հակված եմ դավադրության տեսությանը, այն առումով, որ մի աներևույթ ձեռք փոձում է հեռու պահել մեզ ու մեր հիշողությունը պետության ու պետականության խորհրդանշանների հետ առնչվելուց և դրա խորությունը զգալուց: Չմոռանանք, որ կայսրությունները երբեք չեն համակերպվում իրենց անկախացած նախկին ծայրագավառների կայացման ու ամրացման հետ, ուստի գործադրում են բոլոր ջանքերը պետությունից կրկին համայնքի, ազգից հոտի վերածելու ուղղությամբ: Իսկ վերահսկվող հիշողության քաղաքականությունը հենց դրան է միտված…»։