Իրանը հսկողության տակ է պահում Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման դատավարությունը, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ հանդիպմանը։ «Մենք վերահսկելու ենք այս գործը, քանի դեռ իրավական ընթացակարգերն ամբողջությամբ չեն ավարտվել»,- ասել է Իրանի նախագահը: Նրա խոսքով, Իրանի համար շատ կարևոր է Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացումը։ Նշվել է, որ Իրանը ողջունում է երկու երկրների միջև կապերի զարգացումը տրանսպորտային ոլորտում՝ ցանկանալով շարունակել և զարգացնել համագործակցությունը էներգետիկայի և գյուղատնտեսության ոլորտում։ Շահին Մուստաֆաևն իր հերթին նշել է, որ Ադրբեջանը պատրաստ է նաև Իրանի հետ զարգացնել համագործակցությունը տնտեսության, առևտրի, մշակույթի, տարանցման, անվտանգության և պաշտպանության ոլորտներում։ Մուստաֆաևը Իրանի նախագահին հրավիրել է COP29-ին, որը տեղի կունենա մոտ ապագայում Բաքվում։ |
Բաժանորդագրվել լրահոսին