Monument Watch-ն ահազանգում է․ պատմության կեղծարար Րիզվան Հուսեյնովը վերջերս այցելել է օկուպացված Արցախ և տեսանյութերի շարք նկարահանել Գանձասարի, Դադիվանքի և Ամարասի վանական համալիրներում: Պատմության կեղծարար Րիզվան Հուսեյնովը վերջերս այցելել է օկուպացված Արցախ Պատմության կեղծարար Րիզվան Հուսեյնովը վերջերս այցելել է օկուպացված Արցախ Պատահական չէ Արցախի երեք առավել հայտնի ու հռչակավոր վանքերի ընտրությունը: Ադրբեջանական կողմի թիրախում այս վանքերը և հատկապես Գանձասարը և Ամարասը հայտնվեցին 2023 թվականի սեպտեմբերյան պատերազմից հետո, երբ Արցախն ամբողջությամբ օկուպացվեց և վերոհիշյալ Րիզվան Հուսեյնովը հատուկ անդրադարձ կատարեց այս հուշարձաններին: Այս տեսանյութերից կարող ենք փաստել, որ Գանձասարի և Ամարասի վանական համալիրների տարածքը փակ է այցելությունների համար, մուտքերը կնքված են ու կողպած: Ակնառու է, որ ադրբեջանական կողմը հատուկ տեղ է տալիս այս վանքերին իրենց քարոզչության մեջ, բայց թույլ չի տալիս իր քաղաքացիներին այցելել դրանք: Այժմ անդրադառանք Հուսեյնովի կողմից Գանձասարի և Դադիվանքի տարածքում հնչեցված առանձին մտքերին: Գանձասարի վանքում: Հույսենովը նշում է, որ եկեղեցու պատերին արտաքուստ գտնվող արձանագրություններն իբր ավելացվել են հայերի կողմից և այդ կեղծարարությունը կատարվել է վերջին հարյուր տարում: Նշենք, որ Սբ. Հովհաննես-Մկրտիչ եկեղեցու և գավթի արտաքին ճակատներին կան նվիրատվական բնույթի տասնյակ արձանագրություններ, որոնք հսկայական ինֆորմացիա են պարունակում միջնադարյան Արցախի քաղաքական, հոգևոր, տնտեսական իրողությունների մասին և դրանց կեղծ անվանելն ուղղակի ոտնձգություն է երկրամասի իրական պատմությանը: Խոսելով եկեղեցու արտաքին պատերի մասին՝ նշվում է, որ պատի շարվածքում եղած կարմիրին հարող երեսպատման քարերը նոր են և բերվել են Հայաստանից և մասնավորապես Էջմիածնից և վկայում են եկեղեցու հայկականացման փորձերի մասին: Ըստ Հուսեյնովի՝ միակ անվնաս արձանագրությունը եկեղեցու ներսում գտնվող շինարարական արձանագրությունն է, որի վերծանության ֆանտաստիկ տարբերակը տալիս է Հուսեյնովը: Ըստ այդմ տեսնում ենք, որ վանքը կառուցել է Խաչենի թյուրք կառավարիչ Հասան-Ջալալը, որն «ընդունել էր հայկական միաբնակություն»: Խոսվում է Հասան-Ջալալի կանանց մասին և որ իբր արձանագրության մեջ հիշատակվում է աղվանից ժողովուրդը, աղվանից եկեղեցու առաջնորդը և ոմն Կոչու բեյ: Քարոզչական բնույթ կրող այս կեղծիքները աչքի են ընկնում իրենց մեծագույն հիմարությամբ: Գանձասարի վանքը Արցախի առավել հետազոտված հուշարձաններից է, կան վանքի բազմաթիվ լուսանկարներ, այդ թվում և 19-րդ դարում արված, որտեղ երևում են եկեղեցու անվնաս պատերը, արձանագրությունները: Լավ կլիներ, որ Հուսեյնովը այս ամենին ծանոթանար: Գանձասարի վանքի արձանագրությունները հրատարակվել են բազմիցս, այդ թվում և խորհրդային տարիներին, երբ տարածքում առանց Խորհրդային Ադրբեջանի պաշտոնական թույլտվության հետազոտական աշխատանքներ չէին կարող իրականացվել: Վանքի մասին առկա է մեծածավալ օտարալեզու գրականություն, վանքին բազմիցս անդրադարձել են օտար հեղինակները: Եկեղեցու կառուցման արձանագրությունը ևս անեղծ իր տեղում է, բազմիցս հրատարակված և փոփոխելով այն ներկայացնելը ուղղակի հիմարություն է: Այլ կերպ նման մտքի արգասիքները անվանել անհնար է: Լավ կլիներ նաև, որ Հուսեյնովը կողմնորոշվեր, թե ի վերջո ով է Հասան-Ջալալը և նշեր, թե կառուցման արձանագրությունը ինչ լեզվով է գրված: Տարակուսելի է, որ մի դեպքում հայերեն ընդարձակ արձանագրությունը համարվում է պատմական, իսկ նրա կողքին գտնվողները՝ կեղծ: Հուսեյնովին նաև խորհուրդ կտայինք առավել լավ ծանոթանալ Հայ Առաքելական եկեղեցու դավանաբանությանը: Տեղադրում ենք Գանձասարի մասին մեր թիմի հոդվածները, որտեղ կարելի է գտնել վանքի մասին բազմաթիվ հոդվածների և գրքերի հղումներ: Լավ կլիներ, որ սա հենց Հուսեյնովը կարդար (Գանձասարի վանքը. ընդհանուր տեղեկություններ, Գանձասարի սբ․ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, Գանձասարի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու գմբեթն ու քանդակային հորինվածքները, Գանձասարի գավիթը և աշխարհիկ շինությունները, Գանձասարի խաչքարերն ու տապանաքարերը): Հաջորդ հուշարձանը, որտեղ իր մտքերով փայլատակում է Հուսեյնովը՝ Դադիվանքն է: Մասնավորապես՝ կեղծարարարի թիրախում է հայտնվել է Դադիվանքի Կաթողիկե եկեղեցին, որ կառուցել է տվել 1214 թվականին Հաթերքի Վախթանգ իշխանի կին Արզուխաթունը: Հուսեյնովը կեղծ է համարում եկեղեցու հարավային ճակատին փորագրված ընդարձակ շինարարական արձանագրությունը, կտիտորական բարձրաքանդակները և բազմագույն շարվածքը, որն ըստ կեղծարարի՝ արվել է վերջին տասնամյակում Էջմիածնից բերված քարերով: Նկատելի է, որ եթե Արցախի բազմաթիվ հուշարձանների «հայկականացման, կեղծման» թեզերի տակ խոսվում է ընդհանրական «հայկական կողմի, հայերի» մեղավորության մասին, ապա Գանձասարի, Դադիվանքի ու Ամարասի պարագայում ադրբեջանական կողմը մեղադրում է ուղիղ պաշտոնական Էջմիածնին և ըստ դրա՝ Հայ Առաքելական եկեղեցուն, ինչը այլ հուշարձանների պարագայում գրեթե չի նկատվում: Ակնառու է, որ Հուսեյնովը չի տիրապետում երկրամասի ճարտարապետական դպրոցին, քանի որ կոպտատաշ քարերով ու առանց երեսպատման կառուցված գավիթը կարծում է, որ միտումնավոր չի վերականգնվել, ուստի դրա համար այդպիսի տեսք ունի: Հուսեյնովը չի հասկանում գավթի և եկեղեցու տարբերությունը, քանի որ գավիթը ներկայացնում է` որպես եկեղեցի: Չգիտես ինչու, որպես վանքի առավել հին կառույցներ են ներկայացվում վանքի աշխարհիկ՝ տնտեսական, օժանդակ կառույցները, որոնց ինչ լինելուց տեղյակ չէ կեղծարարը: Սակայն Րիզվան Հուսեյնովի մտքի գոհարներից է այն, որ վանքի կառուցումը կապվում է Հասան-Ջալալ իշխանի հետ, մյուս մտքի գոհարը վերաբերում է Կաթողիկե եկեղեցու որմնանկարներին, որոնք հայտարարվում են վաղմիջնադարյան, չնայած նրան, որ եկեղեցին, որտեղ գտնվում են որմնանկարները Հուսեյնովը թվագրում է 13-րդ դարով: Դադիվանքում Հուսեյնովն ալբանական եկեղեցին ներկայացնում է` որպես երկաբնակ: Դադիվանքի պահպանության մասին խոսելիս Հուսեյնովին լավ կլիներ հիշեցնել, որ խորհրդային տարիներին վանքը անմխիթար և կիսաքանդ վիճակում էր հենց խորհրդային Ադրբեջանի վարած քաղաքականության հետևանքով: Դա են վկայում վանքի՝ խորհրդային տարիներին արված լոսանկարները: Հիշեցնենք նաև Հուսեյնովին, որ վանքի արձանագրությունները հետազոտվել են խորհրդային տարիներին, ինչը չէր կարող իրականացվել առանց խորհրդային Ադրբեջանի իշխանությունների թույլտվության, այն էլ՝ Քարվաճառի շրջանում, որը հայաթափված էր և վերաբնակեցված էր քրդերով և ադրբեջանցիներով, ովքեր կենտրոնական և մարզային իշխանությունների թողտվությամբ քանդել են շրջանի հուշարձանների զգալի մասը և կործանման եզրին հասցնել Դադիվանքը: Տեղադրում ենք Դադիվանքի մասին մեր թիմի հոդվածները, որտեղ վանական համալիրին մանրամասն անդրադարձ է արվում: Այս թեմայով տես՝ Դադիվանքի համալիրը. ընդհանուր տեղեկություններ, Դադիվանք. Սուրբ Դադիի և նրա գերեզմանի մասին, Դադիվանքի Կաթողիկե եկեղեցին և հարակից կառույցները , Դադիվանքի փոքր գմբեթավոր եկեղեցին, զանգակատունը, խաչքարերը և մատուռները, Դադիվանքի աշխարհիկ հուշարձանախումբը։ Մեր արձագանքը Հայկական պատմական եկեղեցիների՝ Դադիվանքի և Գանձասարի աղվանացումը, հայկականության ժխտումը՝ ժառանգության ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից սահմանված իսկության սկզբունքի ոտնահարում է, պատմության և ինքնության ոչնչացման գործընթացի մաս: Մշակութային ժառանգության իսկության պահպանության կարևորության մասին նշված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1994 թվականի Ճապոնիայում ընդունված մշակութային ժառանգության իսկության վերաբերյալ Նարայի փաստաթղթում (https://www.icomos.org/charters/nara-e.pdf)։ Հարկ է հիշեցնել, որ Հաագայի արդարադատության միջազգային դատարանի 2021 թ. դեկտեմբերի 7-ի որոշմամբ արգելվել են հայկական եկեղեցիների պղծման գոծողությունները․ «Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք իրականացվում էին հայկական մշակութային ժառանգության նկատմամբ․․․» (International Court of Justice, Application of the International Convention on the Elimination of All Forms of Racial Discrimination (Armenia v. Azerbaijan), 7 December 2021, No. 2021/34)։Սույն թվականի սեպտեմբերի 2-ին ընդունված՝ Ցեղասպանության գիտնականների ընդունած բանաձևի համաձայն Ադրբեջանը պետք է կատարի Արդարադատության միջազգային դատարանի հրամաններն ու վճիռները՝ ներառայալ հայկական մշակութային արժեքները ոչնչացումից ու պղծումից զերծ պահելու, ինչպես նաև միջազգային իրավունքի այլ պարտավորությունները (IAGS Resolution on Nagorno-Karabakh, 6 https://genocidescholars.org/wp-content/uploads/2024/09/IAGS-Resolution-on-Nagorno-Karabakh.pdf)։ «Զինված բախում ների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի կոնվենցիայի 4-րդ հոդվածի և 1999 թվականի երկրորդ արձանագրության 9-րդ հոդվածի գ կետի՝ արգելվում է մշակութային արժեքի ցանկացած վերափոխումը, դրա օգտագործման ձևի փոփոխությունը, որոնք նպատակ ունեն թաքցնելու կամ ոչնչացնելու մշակութային, պատմական կամ գիտական վկայությունները: Իսկ ԵԽԽՎ 2583-րդ բանաձևով հայկական մշակութային արժեքների հայկականության փաստի ժխտումն ու դրանց՝ աղվաններին պատկանելը ճանաչվել է որպես «ադրբեջանական հորինվածք» ((Parliamentary Assembly of the Council of Europe, Humanitarian consequences of the conflict between Armenia and Azerbaijan / Nagorno-Karabakh conflict, Resolution 2391 (2021), հոդված 18.4): Եկեղեցիների գործառույթի փոփոխությունը ոտնահարում է կրոնական համոզմունքներն ու ծիսակատարություններն իրենց իրական բնույթով պահպանելու և իրականացնելու հայ հանրույթի մշակութային ֆունդամենտալ իրավունքը, որը սահմանված է մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 27-րդ հոդվածով։
|