«ՀայաՔվե»-ն ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Արցախի Հանրապետությունն ստեղծվել է ժողովրդի կամարտահայտության հիման վրա, մասնավորապես՝ 1991թ․ դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքում, և ոչ ոք իրավասու չէ չեղարկելու այդ կամարտահայտության հիմքերը։
Արցախի լուծարման մասին հրամանագիրն առոչինչ է, չունի իրավաբանական ուժ, ստորագրվել է ժողովրդի բնաջնջման սպառնալիքի ներքո։ Իսկ ուժի սպառնալիքի ներքո կնքված միջազգային պայմանագրերն առոչինչ են ու չունեն իրավաբանական ուժ՝ ըստ Միջազգային պայմանագրերի մասին Վիեննայի 1969թ․ կոնվենցիայի 51-րդ և 52-րդ հոդվածների։
Ուշագրավ է, որ պաշտոնական Բաքվի մեջբերումներն Արցախի նախագահի այդ հրամանագրից ինքնին վկայում են, որ Բաքուն ընդունում է՝ Արցախի Հանրապետությունն ուներ սուբյեկտայնություն։
2020թ․ 44-օրյա պատերազմի, դրան հաջորդող ժամանակաշրջանում տարաբնույթ ռազմական ու ահաբեկչական գործողությունների, զինված հարձակումների և հատկապես 2023թ․ սեպտեմբերի 19-ի լայնամասշտաբ գործողությունների հետևանքով է Ադրբեջանն օկուպացրել Արցախի Հանրապետության տարածքը»։