Որքան էլ փորձենք հիմնավորել, որ հանցավորության պատկերը մեղմ է, թվերի նվազում ունենք, այդուհանդերձ պատկերն այդպիսին չէ. այս մասին Հայաստանում 2019-2024թթ. հանցավորության վիճակի, բարեփոխումների արդյունքների վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը: Պատգամավորը նաև նշեց, որ կառավարությունը բացասական կարծիք է հայտնել իր կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է իրավական բլոկի ներկայացուցիչներին՝ տարեկան երկու անգամ թմրանյութի թեստ հանձնել: «Ինչո՞ւ պարեկը կամ դպրոցի տարածքներում ծառայություն իրականացնող ոստիկանը գոնե մեկ անգամ չպիտի հանձնեն թմրանյութի թեստ»,- հարցրեց պատգամավորը: Վահե Ղազարյանը պատասխանեց. «Հիմա մենք սկսել ենք ոստիկանության ծառայողների ատեստացիա և ցանկացած ոստիկան պարտադիր պետք է անցնի թմրամիջոցների օգտագործման հետ կապված թեստը: 47 դեպք ունենք. թմրամիջոց օգտագործելու պատճառով համակարգից հեռացրել ենք 47 ոստիկանի»: |