ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Ես վախենում եմ, որ մեր պատմությունը կարող է ավարտվել մեզանով»․ Դավիթ Մանուկյան
02:24, 01.11.2024 | mamul.am
1782 | 1

«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Դավիթ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դեռևս 2010 թվականին, Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Ռեջեփ Էրդողանը գերմանական «Շպիգել» հանդեսին տված հարցազրույցում, ի պատասխան լրագրողի այն հարցին, թե ինչո՞ւ ժամանակակից Թուրքիան չի ճանաչում Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը՝ հայտարարում է. «Հայերի ցեղասպանության մասին խոսք անգամ լինել չի կարող: 2005 թվականին ես նամակ գրեցի այն ժամանակվա Հայաստանի նախագահին` Ռոբերտ Քոչարյանին, որտեղ ասացի, որ դա մի հարց է, որի ուսումնասիրմամբ պատմաբանները պետք է զբաղվեն, ոչ թե մեզ նման քաղաքական գործիչները։ Եկեք բացենք արխիվները, եթե պատմաբանները չեն կարող բավարար չափով լույս սփռել տեղի ունեցած իրադարձությունների վրա, թող նրանց ջանքերին միանան իրավաբանները, քաղաքագետներն ու հնէաբանները»։
Այսօր Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է․ «Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում առաջնահերթություն չէ: Պատմության ողբերգական անցքերը, Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրելը կամ դա թիվ մեկ առաջնահերթություն դարձնելն, անշուշտ, ԱԳՆ օրակարգը չէ»:
Ամենևին իմաստ չկա, ինչ-որ կերպ արձագանքելու Արարատ Միրզոյանին, քանզի այն, ինչ հայտարարում է նա և, առհասարակ, իշխանությունները՝ տեղավորվում են նրանց քաղաքական գծի մեջ և այստեղ որևէ նոր բան չկա։ Նրանք, ովքեր կարողացան ուրանալ Արցախը, կուրանան նաև Հայոց ցեղասպանությունը և ամեն բան։
Իր պատմության ընթացքում հայ ազգը շատ ծանր ժամանակներ է ապրել։ Ցանկացած իրավիճակ, որի մեջ մենք հայտնվել ենք, ունեցել է իր բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները։ Շատ չխորանալով պատմության հեռավոր էջերի մեջ, կցանկանայի կանգ առնել վերջին երկու ամենածանր իրադարձությունների՝ Հայոց ցեղասպանության և Արցախի կորսման վրա։
Ե՛վ ցեղասպանության, և՛ Արցախի կորստի դեպքում գոյություն են ունեց գրեթե նույն հիմնական գործոնները.
Երկու դեպքում էլ թշնամին նույնն էր, երկու դեպքում էլ Հայաստանի իշխաններն ու կառավարիչները ունակ չեղան ճիշտ որոշումներ կայացնելու՝ հայրենիքի ու ժողովրդի անվտանգությունն ու պաշտպանությունը ապահովելու համար, երկու դեպքում էլ թշնամուն օժանդակել են ներսի դավաճանները։
Թերևս միակ տարբերությունը նա էր, որ Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ մենք ունեինք բավականին կայացած պետություն, իր զինված ուժերով ու մնացած պետական մարմիններով։
Ի հեճուկս բազմաթիվ տեսակետների, անկասկած կարելի է պնդել, որ ժամանակին հնարավոր էր խուսափել և՛ Հայոց ցեղասպանությունից, Արևմտյան Հայաստանի ամբողջական կորստից, և՛ նաև այսօր Արցախի կորստից։
Մյուս կողմից, եթե հարյուր տարի առաջ մենք կարողանայինք խուսափել այն աղետից, որի մեջ հայտնվեցինք, այսօր գրեթե հարյուր տոկոսանոց հավանականությամբ Արցախի հարց չէր լինի։
Սա կարևոր է գիտակցել և հասկանալ նրա համար, որպեսզի վաղը չասենք. Եթե ժամանակին Արցախը կարողանայինք պահել, այսօր Սյունիքը չէինք կորցնի։
Գործող իշխանությունները Հայաստանը հրում են մի անդունդի մեջ, որից դուրս գալը շատ դժվար է լինելու։ Սա պետք է գիտակցի Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, անկախ տարիքից, դիրքից, մասնագիտությունից ու աշխարհայացքից։
Ես վախենում եմ, որ մեր պատմությունը կարող է ավարտվել մեզանով»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին