Նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից, մասնավորապես՝ MAN, ZhongTong և GazelCity մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս պարտադիր պայման է լինելու 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը կամ ավտոբուսներում տեղադրված վճարային համակարգով QR կոդի միջոցով վճարում իրականացնելը։ Նպատակը, ըստ քաղաքապետարանի, հունվարի 1-ից սպասվող միասնական տոմսային համակարգին սահուն անցում կատարելն է։ Թեմայի վերաբերյալ քաղաքապետ Տիգրան Ավինյանը պատասխանել է լրագրողների հարցերին։ «Հունվարի մեկից անցում ենք կատարում միասնական տոմսային համակարգին, որտեղ կանխիկ գործարքներ ավտոբուսի մեջ տեղի չեն ունենալու․ նոյեմբերի մեկից փոփոխությունը նախապատրաստական փուլն է։ Խոսքը նրա մասին չէ, որ առաջնահերթ է ունենալ 100 դրամանոց, այլ՝ որ պետք է արդեն անցում կատարել QR-ով և հեռախոսային հավելվածով վճարումներ կատարելուն։ Շատ շուտով ունենալու ենք տրանսպորտային քարտեր, այսինքն՝ պետք է գնել ինչ-որ սակագին ու դրանցով վճարում կատարել։ Ակտիվ քննարկվում է նաև բանկային քարտերով՝ NFC տարբերակով վճարում իրականացնելու հարցը։ Ամենայն հավանականությամբ, տարվա ընթացքում դա պետք է հասցնենք»,- ասել է Ավինյանը։ |
Բաժանորդագրվել լրահոսին