ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
ՔՊ նիստում իրար «բմբլել» են․ «Հրապարակ»
09:42, 02.11.2024 | mamul.am
3095 | 1

«Հրապարակ»-ը գրում է․ «ՔՊ կուսակցության երեկվա նիստը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, անցել է բավականին թեժ մթնոլորտում, ինչը չթաքցրեց նաև ինքը՝ Փաշինյանը, նիստից հետո գրելով․ «ՔՊ-ում այսօր կրկին ինքնաքննադատության օր էր։ Մի լավ քննադատեցինք իրար, ընդ որում՝ բավականին անողոք»։

Ինչպեսև սպասվում էր, մի լուրջ խումբ է ՔՊ-ում ձևավորվել` ընդդեմ Անդրանիկ Քոչարյանի, և երեկվա նիստը վերածվել է նրա դեմ «սամասուդի»: Ավինյանական թևն ամենաակտիվն է եղել, Ավինյանն անձամբ ելույթ ունենալով` վստահեցրել է, որ իր մասին նախորդ նիստում հնչած բոլոր պատմությունները հորինված են, «մուտիլովկա», և հորդորել է փաստերը ստուգել ու խոսել փաստերով, հակառակ դեպքում սպառնացել է ուժգին պատասխանել։ Ավինյանի մտերիմ Ծովինար Վարդանյանն է բոցաշունչ ելույթ ունեցել, անհապաղ պատիժ պահանջել Քոչարյանի հարցում՝ ասելով, թե ստացվում է, որ թիմի ներսում կա մի խմբակ, որն իշխանության ներսում իշխանություն է խաղում, փորձում կարգի հրավիրել որոշ պաշտոնյաների, խարդավանքներ է հյուսում: Ասել է, թե չի կարելի ստորացնել, քննադատել նախարարներին, նրանց դեմ պատվերներ իջեցնել, թե` նրանց սևացնելով, մեզ ենք սեւացնում։ Արթուր Հովհաննիսյանն էլ շարունակել է, թե ընդհանրապես պետք չէր հանրայնացնել Գրիգոր Մինասյանի դեմ ստորագրահավաքը, հենց դա սկիզբ դրեց ներթիմային պառակտմանը, և պետք է գտնել ու անողոք պատժել այդ ինֆորմացիան «սլիվ» անողին՝ կասկածի սլաքներն ուղղելով ստորագրահավաքի նախաձեռնողների կողմը։

Սիսակ Գաբրիելյանն էլ է բողոքել «սլիվներից», ասել, որ այլանդակություն է, որ թիմակիցների դեմ թիմից արտահոսքեր են կազմակերպվում, այն էլ՝ սուտ, իբր նարկոբարոններ ենք, նարկոտիկ ենք օգտագործում, կոռուպցիայի մեջ ենք, հովանավորչության և այլն, առանձնատներ ենք ձեռք բերում, փայ մտնում։ Անդրանիկ Քոչարյանի դեմ անողոք ելույթ է ունեցել նաև Քրիստինե Պողոսյանը, որը Վիլեն Գաբրիելյանի մտերիմն է։ Ասել է՝ նողկալի է լսել, թե ինչ բամբասանքներ են «ֆռռում» ՔՊ-ում, իրար հետևից ինչ ասես չեն խոսում, նման պահվածքն անթույլատրելի է համարել: Ի դեպ, պատմում են, որ Քոչարյանը նաև Վիլեն Գաբրիելյանի ոչ սթափ լինելու, ինչ-որ բանի ազդեցության տակ գտնվելու մասին է երբեմն-երբեմն բարձրաձայնում, ընդ որում՝ այնպես, որ հասցնեն Գաբրիելյանին։

Փաշինյանի աներձագ Հրաչ Հակոբյանն ավելի սոլիդ ելույթ է ունեցել, ասել է, որ իրեն որոշ խոսակցություններ են հասցրել իր անձի մասին՝ զրպարտություններ, հենց այդ պատճառով էլ դիմել է վարչությանը, որպեսզի կանչեն և քննեն զրպարտություններ տարածողին․ խոսքը կրկին Անդրանիկ Քոչարյանի մասին է եղել։

Ալեն Սիմոնյանն էլ իր ելույթում նշել է, որ եթե կա խնդիր, ապա պետք է քննարկել, հարթել այդ խնդիրները, այլ ոչ թե իրար հետևից խոսել, իրար դեմ նյութեր պատվիրել: Ելույթ ունեցողների պակաս չի եղել, թեև ոմանք «ո՛չ նալին, ո՛չ մեխին» գծի մեջ են խոսել, որ պետք է հաշտ-համերաշխ լինենք։ Բայց ասելիքը եղել է այն, որ այս պահվածքը պառակտում է թիմը, վարկաբեկում իրենց: Մեզ ասացին, որ անգամ ոմանք ակնարկել են, թե թող մանդատները դնեն Անդրանիկ Քոչարյանը, Գագիկ Մելքոնյանը, Արփի Դավոյանը, Հովիկ Աղազարյանը: Անդրանիկքոչարյանական թևի ներկայացուցիչներից Արմեն Խաչատրյանը հակադարձել է, թե չի՞ կարելի քննադատել մեր նախարարներին, թերությունների մասին պետք է ներսում խոսել, եթե մենք չենք քննադատում, դա չի նշանակում, թե մարդիկ չեն նկատում, ավելին՝ մարզային հանդիպումների ժամանակ իրեն տասնյակ պաշտոնյաների վարքի մասին այնպիսի հարցեր են տալիս, որ ինքը կարկամում է՝ ինչ պատասխանել։ Արփի Դավոյանը ևս ասել է, որ այդ բոլորի մասին ժողովուրդն է խոսում, և իրենք հենց այդ խոսակցություններն են բարձրաձայնել։

Ելույթ է ունեցել նաև Անդրանիկ Քոչարյանը, լկտի սուտ է որակել, թե ինքը «սլիվներ» է անում, խարդավանքներ հյուսում, ինքը երբեք ական չի եղել, քանի որ Փաշինյանին երդում է տվել, թե իշխանության և պետության կողքին է, և բոլոր գործողությունները միտված են այդ երկուսի շահին։ Բոլորը սպասել են Փաշինյանի խոսքին՝ ակնկալելով ոմանց դատավճիռը լսել։ Փաշինյանն իր դժգոհությունն է հայտնել Անդրանիկ Քոչարյանի կազմակերպած լսումների վերաբերյալ, ավելի ճիշտ՝ կազմակերպչական մասի՝ պատգամավորների և ՀԿ ներկայացուցիչների բոյկոտից մինչև այն, թե հրավիրվածներից ով որտեղ պետք է նստեր, նիստն ինչպես պետք է վարեին։ Սակայն նշել է, որ նման լսումներ պետք է հաճախակի անել` ինքը կողմ է, որ բոլոր պաշտոնյաներին բերեն հաշվետվողականության դաշտ և քրքրեն։ Հանդիմանել է արտահոսքերից դժգոհողներին։ «Ինչո՞ւ հիմա սկսեցիք նեղվել արտահոսքերից, որովհետև ձեր անձի՞ն է վերաբերում»։ Ասել է, որ փոքր երկրում առանց արտահոսքերի էլ բոլորը բոլորի մասին իմանում են, ուրեմն չպիտի արտահոսքի առիթ տան։ Քոչարյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնից հետկանչի հարց, ըստ մեր աղբյուրի, չի քննարկվել։ Անդրանիկ Քոչարյանը նիստից հետո մտերիմներին ասել է. «Լավ բոյ տվեցի»»։

Մանրամասները՝ թերթի համարում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին