ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Ոստիկանությունը՝ Դիլիջանում տեղի ունեցած պայթյունի մասին
12:12, 02.11.2024 | mamul.am
1624 | 0

Հոկտեմբերի 30-ին, գիշերվա ժամը 1.15-ին, ոստիկանության Դիլիջանի բաժին է զանգահարել Դիլիջանի Կամոյի փողոցի մի բնակիչ և հայտնել, որ իր ավտոտնակը պայթել է: Մեկնել են բաժնի օպերատիվ խումբը, ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Դիլիջանի բաժնի ղեկավարներ ու ծառայողներ:
Ըստ ահազանգող 65-ամյա տղամարդու` կեսգիշերից մոտ 25 րոպե անց իր հարևան 56-ամյա տղամարդը անհայտ պայթուցիչ է նետել իր քարե ավտոտնակ, որտեղ կայանված էր որդուն պատկանող «ՎԱԶ-21010» մակնիշի մեքենան: Ըստ ավտոտնակի տիրոջ` իրենց պատճառվել էր խոշոր չափերի վնաս:
Ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Դիլիջանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով հարևանը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին:
Նույն օրը Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, 56-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:
Պարզվել է նաև, որ հարևանների միջև հողային հարցի շուրջ ծագած վեճն ունի յոթ տարվա պատմություն: Ու թեև 56-ամյա հարևանը հերքել է իր մասնակցությունը ավտոտնակի պայթեցմանը` օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել հակառակն ապացուցող փաստեր, և նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը հսկող դատախազը բավարարել է:
Նույն օրը հարևանին մեղադրանք է առաջադրվել, և քրեական վարույթի շրջանակում նրա բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են ողորկափող երկու հրացան, մեկ օրինական որսորդական հրացան, որսորդական հրացանի բազմաթիվ փամփուշտ ու պարկուճ, վառոդ, պատրույգ, ինքնաձիգի դատարկ պահունակ, ինքնաձիգի պահունակի լիցքավորիչ, այլ զինամթերք:
56-ամյա տղամարդու նկատմամբ դատարանը խափանման միջոց է կիրառել տնային կալանքը: Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Պայթյուն՝ ավտոտնակում
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին