Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը գրում է․ «Այս տարի COP29-ի գագաթնաժողովն անցկացվում է ավտորիտար նավթ արդյունահանող մի երկրում, որը մի կողմից ցնցող պատմություն ունի մարդու իրավունքների ոտնահարումների, լրագրողների ձերբակալությամբ, քաղբանտարկյալների և պատանդների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի, իսկ մյուս կողմից առանձնանում է իր կատարած միջազգային հանցագործությամբ՝ հայ ժողովրդի նկատմամբ իրականացրած ցեղասպանության և էթնիկ զտումների իրականացման տեսքով: Ցավոք, երբ ՄԱԿ-ը որոշում է` ով պետք է ընդունի իր կլիմայական ամենամյա համաժողովը, չափանիշները երկրի ենթակառուցվածքներն են, կլիմայի հարցով պարտավորությունները, ֆինանսական ռեսուրսները և ցանկալի ուշադրություն չի տրվում ոչ ժողովրդավարությանը, ոչ մարդու իրավունքներին և ոչ էլ հենց իր երկրում ապրող էթնիկ ժողովրդների վիճակը: Արդեն մեկ տարի է ինչ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը գտնվում է ադրբեջանական պատանդառության մեջ, նրանց հետ՝ նաև բազմաթիվ հայ գերիներ, ռազմագերիներ, որոնց մի մասի տվյալները մինչ օրս Ադրբեջանը չի հաստատում։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը Բաքվի դատախազությունը մի քանի անհիմն մեղադրանքներ է առաջադրել՝ նրանց կալանքի ժամկետն անընդհատ երկարացնելով: Նրանց ձերբակալելն ուղերձ է մեզ և Ադրբեջանի կազմում ապրող բոլոր փոքրամասնություն կազմող ժողովուրդներին՝ որևէ ինքնավարության կամ ազգայինի մասին խոսք՝ կտուժեք, կբանտարկվեք կամ ձեզ կսպանենք: COP-29-ի համաժողովը միանշանակ հայկական կողմից պետք է օգտագործվի, որովհետև համաժողովին սևեռված է ամբողջ աշխարհի ուշադրությունը։ Սակայն աշխատանքները պետք է իրականացվեն պետական մակարդակով, ցավոք սրտի Հայաստանի Հանրապետության այսօրվա իշխանությունները չունեն ոչ ցանկություն և ոչ էլ բավարար կամք ու վճռականություն այս հարցը բարձրացնելու: Ուստի այս առաքելությունը պետք է իրենց վրա վերցնեն տարբեր ընդդիմադիր ուժեր, հասարակական կազմակերպություններ, որոնք պետք է իրենց ձայնը լսելի դարձնեն միջազգային հանրությանը։ Այսպես ասած՝ կոնսոլիդացված աշխատանքներ ողջ հայության անունից: |
Բաժանորդագրվել լրահոսին