ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Մեր երկիրը գտնվում է անկախ պետականությունը պահպանելու անհրաժեշտության առջև». Վեհափառ
19:24, 03.11.2024 | mamul.am
1525 | 0

Մայր Տաճարի վերաօծումից հետո առաջին անգամ տեղի է ունեցել եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամ է հղել այդ առիթով:
«Փառք և գոհություն ենք մատուցում Ամենակարող Աստծուն, որ Միածնաէջ Մայր Տաճարի վերաօծման և Սրբալույս Մյուռոնի օրհնության հոգենորոգ արարողություններից մեկ ամիս անց Մեզ շնորհեց խնդության նոր բարեպատեհ առիթ։ Ցնծում է այսօր մեր Սուրբ Եկեղեցին, քանզի եպիսկոպոսաց դասը համալրում ունեցավ նորաօծ Սրբազաններով, ովքեր տարիների ծառայության գովելի վաստակ ունեն ազգային-եկեղեցական մեր անդաստանում։ Այսօր համախմբված այս սուրբ կամարների ներքո՝ միասին խնդրենք Տիրոջ առատ շնորհները և երկնային զորակցությունը ձեռնադրյալներին իրենց առաքելության մեջ։
Քրիստոսի Եկեղեցին նորընծա եպիսկոպոսներով միշտ զորանում է, քանզի նրանց նվիրյալ ծառայությունը շինություն ու պայծառություն է հավելում եկեղեցական կյանքին, օրհնություն և մխիթարություն պարգևում հավատացյալներին՝ առաջնորդելով երկնային վարձատրության արժանի բարի գործերի։ Ուստի, այս իրադարձությունը նշանակալի է ոչ միայն նորոգ ձեռնադրյալների, այլև հավատացելոց համար, ինչպես եռամեծ վարդապետ Սուրբ Գրիգոր Տաթևացին է հաստատում, Եկեղեցին Աստծո քաղաքն է, որին խնամք տանելու է կոչված եպիսկոպոսը։
Ծանր է բեռը եպիսկոպոսի, դժվարին է ու պատասխանատու նրա առաքելությունը։ Եպիսկոպոսի բարձր հանգամանքը ոչ թե փառքի դափնիներով զարդարուն կյանք է ենթադրում, այլ խոնարհ և ժուժկալ սպասավորություն, հաճախ նաև անձնազոհություն՝ մեր Տիրոջ նմանությամբ։ «Մարդու Որդին չեկավ ծառայություն ընդունելու, այլ ծառայելու»՝ Իր օրինակով այս ուսուցանեց մեր Փրկիչ Հիսուս Քրիստոս՝ ուղենշելով նաև Սուրբ Եկեղեցու սպասավորների առաքելությունը: Հանձնառության այսպիսի ոգին է խրախույսն ու շարժիչ ուժը տերունավանդ հոգևոր ծառայություն ստանձնած բոլոր հոգևորականների համար:
Եպիսկոպոսը հայր է, ով կոչված է սիրով և ջանադրությամբ հոգատարելու իր հոգևոր զավակներին, Ավետարանի անհոգնաբեկ քարոզչությամբ արթուն ու զորեղ պահելու նրանց հավատքն ու աստվածսիրությունը, խարսխելու նրանց կյանքը հոգևոր արժեքների վրա, նաև ի հարկին հանդիմանելու, նախազգուշացնելու վտանգների մասին ու զերծ պահելու մեղսալի և կործանարար ընթացքներից։
Եպիսկոպոսը տեսուչ է՝ կոչված նախանձախնդրորեն հետևելու ուղղափառ հավատի անաղարտ պահպանությանը, մեր Սուրբ Եկեղեցու կարգաց և կանոնաց հարգմանը, իր շնորհներն ու կարողությունները ծառայեցնելու տերունապատվեր հոգեփրկչական առաքելությանը, հսկելու և կարգավորելու իր իշխանության ներքո գործող եկեղեցականների ծառայությունը, օծելու եկեղեցիներ, ձեռնադրելու հոգևոր նոր սպասավորներ։
Եպիսկոպոսը առաջնորդ է, ում անդրանիկ պարտականությունն է Կենաց Խոսքի ուսուցմամբ Քրիստոսապատվեր շավիղներով առաջնորդել հավատացյալներին, նաև փորձություններով լեցուն այս աշխարհում խիզախաբար պայքարել իր հավատավոր հոտի իրավունքների համար։ Եպիսկոպոսը կոչված է մեր Տիրոջ պես լինել քաջ հովիվ, ով, առաքյալի խոսքով, «Իր անձը տվեց մեզ համար, որպեսզի մեզ փրկի ամեն անօրենությունից և մաքրի որպես Իրեն սեփական ժողովուրդ՝ նախանձախնդիր բարի գործերի» (Տիտ. 2.14):
Եպիսկոպոսը սպասավոր է, սիրելիներ, կոչված միշտ ականջալուր և խնամարկու լինելու հավատացելոց հոգևոր կարիքներին ու պետքերին, քանզի, Տիրոջ խոսքի համաձայն, «Երանելի է մանավանդ տալը, քան առնելը» (Գործք 20.35)։
Հիրավի, մեր պատմությունը հարուստ է բազում վկայություններով, թե ինչպես են եպիսկոպոսները Հայոց Հայրապետների գլխավորությամբ անձնդիր գործել մեր ազգի հոգևոր խնամքի և փրկության, հայորդյաց սրտերում հավատքի, հայրենասիրության ու ազգանվիրումի զորացման, մեր հայրենիքի, համայն մեր ժողովրդի ապահով կյանքի, առաջընթացի ու բարօրության համար:
Անշուշտ, պատմական փոթորկալի զարգացումները, աշխարհաքաղաքական ծանր իրողությունները հաճախ մեր ազգին կանգնեցրել են երբեմն անհաղթահարելի և անդառնալի թվացող կորուստների և ծանր հիմնախնդիրների առջև, որոնցից անմասն չի եղել նաև Հայոց Եկեղեցին։ Այսօր ևս մեր ժողովուրդն ու երկիրը գտնվում են լրջագույն մարտահրավերների հանդիման, հայրենական անդաստանում արդարությունն ու ճշմարտասիրությունը զորացնելու, համազգային միաբանությունը հաստատուն պահելու և անկախ պետականությունը անսասան պահպանելու անհրաժեշտության առջև: Տիրող դժվարին իրադրությանը զուգընթաց տարատեսակ վնասակար գաղափարախոսությունների տարածմամբ մեր հասարակության մեջ փորձ է արվում նսեմացնել մեր Սուրբ Եկեղեցու պատմական առաքելության և քրիստոնեական արժեքների կարևորությունը, ընտանիքի ավանդական ընկալումը, խարխլել ազգային համերաշխության հիմքերը։
Նման տագնապալի պայմաններում հարկ է Տիրոջ օգնականությամբ բազմապատկել հոգևորականներիս և եկեղեցական կառույցների ջանքերը՝ ի նպաստ վիրավոր մեր հայրենյաց և ժողովրդի առջև ծառացած խնդիրների արժանապատիվ հաղթահարման, ազգային ոգու զորացման, այլև լուսավոր մեր նախնյաց կողմից ավանդված արժեհամակարգին և պատմական նվիրական հիշատակներին հավատարիմ՝ մեր ինքնության անխաթար պահպանման։
Նորօծյալ եպիսկոպոսները, այսօր նորոգելով հոգևոր ծառայության իրենց ուխտը, պատասխանատվության են կոչվում այսպիսի դժվարին ժամանակներում՝ արիաբար դիմակայելու առկա փորձություններին և մեր Սուրբ Եկեղեցու դեմ արտահայտվող մերժելի երևույթներին ու դրսևորումներին։
Այժմ, սիրելիներ, ձեզ ենք ներկայացնում մեր նորօծյալ եպիսկոպոսներին:
Տ. Առեն եպիսկոպոս Շահենյան, ծնվել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադում։ Հոգևոր կրթություն ստացել է Իրաքի Բաբելոնի համալսարանում, Հռոմի Պապական արևելյան ինստիտուտում, հովվական ծառայություն իրականացրել Իտալիայում, Հոլանդիայում, Գեղարքունյաց, Արագածոտնի և Մեծ Բրիտանիայի Հայոց թեմերում։ Ներկայիս պաշտոնավարում է որպես Արգենտինայի և Չիլիի Հայոց թեմի առաջնորդ։
Տ. Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյանը ծնվել է Սևան քաղաքում։ Գևորգյան հոգևոր ճեմարանում ուսումնառությունից հետո, ձեռնադրվելով կուսակրոն եկեղեցական, սպասավորության է անցել Գեղարքունյաց թեմում, ապա ծառայության նշանակվել Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնում։ Այնուհետ հոգևոր ուսումնառությունը կատարելագործել է Փարիզի Կաթոլիկ համալսարանում և հովվական ծառայության անցել Ֆրանսիայի Հայոց թեմում, ապա Թեմական-պատգամավորական ժողովի կողմից ընտրվել Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդ և իր ծառայությունն է բերում այդ հանգամանքում։
Տ․ Նարեկ եպիսկոպոս Ավագյան, ծնունդով Օշական գյուղից է։ Ավարտել է Գևորգյան հոգևոր ճեմարանը, պատասխանատու ծառայություններ բերել Մայր Աթոռում, եղել Խոր Վիրապի վանահայր, նաև հոգևոր հովիվ Աբխազիայում, Իրաքում, այնուհետ ստանձնել Արթիկի թեմի առաջնորդական տեղապահի պաշտոնը։ Այժմ Արթիկի թեմի առաջնորդն է։
Տ. Մակար եպիսկոպոս Հակոբյան, Գյումրի քաղաքից է, քահանայի զավակ։ Սովորել է Շիրակի թեմի հոգևոր ընծայարանում և Գևորգյան հոգևոր ճեմարանում, ապա ծառայության կոչվել Մայր Աթոռում, եղել է Տավուշի թեմի Նոյեմբերյանի համայնքի հոգևոր հովիվ, այնուհետ Գոշավանքի և Սուրբ Գայանե վանքերի վանահայր։ Ներկայումս պաշտոնավարում է որպես Սյունյաց թեմի առաջնորդ:
Տ. Պարթև եպիսկոպոս Բարսեղյան, ծնվել է Էջմիածին քաղաքում։ Գևորգյան հոգևոր ճեմարանի շրջանավարտ է, պաշտոնավարել է Մայր Աթոռում, Սևանի Վազգենյան դպրանոցում, եղել է Մայր Աթոռի փոխդիվանապետ, այնուհետև մեկնել է ծառայության Ֆրանսիայի Հայոց թեմ։ Այժմ Գեղարքունյաց թեմի առաջնորդն է։
Տ. Խորեն եպիսկոպոս Առաքելյան, Կոտայքի մարզի Արգել գյուղից է։ Սովորել է Երևանի Պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետում, այնուհետ Գևորգյան հոգևոր ճեմարանում, ծառայություն է բերել Մայր Աթոռում, հովվական սպասավորության կոչվել Հունաստանի Հայոց թեմ, ապա նշանակվել նույն թեմի առաջնորդական տեղապահ։ Ներկայումս Հունաստանի Հայոց թեմի առաջնորդն է:
Սիրելի Սրբազան Հայրեր, Հայրապետական Մեր պատգամն է ձեզ՝ որպես Աստծո հավատարիմ մշակներ քաջ ու հետևողական լինել մեր հավատի պաշտպանության մեջ, մշտարթուն հովվել ու խնամել Տիրոջ հոտը: «Հիշեցնում եմ քեզ, որ վերարծարծես Աստծու շնորհը, որ տվեցի քեզ՝ իմ ձեռքերը դնելով քեզ վրա, որովհետև Աստված մեզ երկչոտության ոգի չտվեց, այլ՝ զորության, սիրո և զգաստության» (Բ Տիմ. 1.6-7): Առաքյալի այս խոսքերով հայրական Մեր հորդորն է յուրաքանչյուրիդ՝ բոլորանվեր ծառայել մեր ժողովրդին, առաջնորդելով ապրելու աստվածադիր պատվիրաններով և հավատարիմ մեր երանյալ հայրերի ավանդներին, որպեսզի հոգևոր արժեքների պայծառությամբ ամուր և աներեր մնա մեր ժողովրդի հավատը, որով պիտի և իրականություն դարձնենք մեր ազգի իղձերն ու երազները։ Ձեր գործերում և վճիռներում միշտ առաջնորդվեք Քրիստոսի օրինակով և ձեր ընթացքով բարի օրինակ ծառայեք հավատացելոց համար՝ հիշելով, որ Աստված է գործում ձեր մեջ և ձեր միջոցով։ Ուստի, աննկուն և հաստատակամ մնացեք՝ մեր զավակաց կյանքում հավատքի, հույսի և սիրո առատացման պարտականության մեջ։ Առ Տերն ապավինությամբ արդյունավորեք առաջնորդական ձեր գործունեությունը՝ ի բարգավաճում տիրախնամ թեմերի, ի պայծառացում և ի զորացում հայրենիքի և ազգային-եկեղեցական կյանքի:
Հայրապետական սիրով և օրհնությամբ Մեր գնահատանքն ենք բերում բոլոր հավատավոր հայորդիներին, որոնք աջակից են մեր թեմակալ առաջնորդներին ու հոգևոր դասին և սատար են թեմական կյանքի շինությանն ու առաջընթացին:
Աղոթում ենք առ Ամենակալն Աստված, որ խաղաղություն շնորհի ողջ աշխարհին ու մեր հայրենիքին և Իր Սուրբ Աջի հովանու ներքո անվտանգության ու բարօրության մեջ պահի համայն մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս։ Թող շնորհը, սերը և ողորմությունը մեր Տեր Հիսուս Քրիստոսի լինեն մեզ հետ և ամենքի այսօր և միշտ և հավիտյանս. ամեն»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին