«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀՖՖ-ի շուրջ առկա հերթական խնդիրը և լուծումը գործող ոչ արդար կառավարման մոդելն է։ Հենց այս մոդելն է արդեն երկար տարիներ պարբերաբար ստեղծում խնդիրներ և այն չփոխելու դեպքում դրանք շարունակվելու են՝ անկախ թե ով է ՀՖՖ-ի նախագահը։
Եվ այսպես, ՀՖՖ բարձրագույն մարմինը Ժողովն է, որը ընտրում է նախագահ, գործադիր կոմիտե և կայացնում է բազմաթիվ որոշումներ։ Իսկ թե ինչպես է ձևավորվում Ժողովը, հենց այստեղ է հիմնական խնդիրը։ Համաձայն կանոնադրության Ժողովի անդամ կարող են դառնալ ֆուտբոլային ակումբերը՝ անկախ նրանից դրանք հանդես են գալիս Պրեմիեր լիգայում, թե ունենք մեկ գյուղում 2-3 մանկապատանեկան թիմ։ Արդյունքում, հսկայական ենթակառուցվածք ունեցող ակումբերը և մանկապատանեկան կամ ֆուտզալի մեկ թիմ ունեցող ակումբերը ունեն մեկական ձայնի իրավունք։ Ժողովի 31 անդամներից Պրեմիեր լիգան ունի ընդամենը 10 ձայնի իրավունք։
Սրանում է ամբողջ անարդարությունը, երբ տարեկան մի քանի միլիոն դրամ ծախս ունեցող ակումբները մի քանի միլիոն դոլար ներդրում իրականացնող ակումբերի հետ հավասար իրավունքով որոշումներ են կայացնում։
Ի՞նչ պետք է անել։ Փոխել ՀՖՖ կանոնադրությամբ սահմանված պատվիրակների քվոտաները՝ մեկական պատվիրակի փոխարեն Պրեմիեր լիգայի ակումբերին տալ 5 պատվիրակի քվոտա, Առաջին Խմբի թիմերին՝ 3 պատվիրակ, մնացած ակումբներին՝ 1 պատվիրակ։
Սա հնարավորություն կտա որոշումներ վրա ազդեցությունը կապել ֆուտբոլային ներդրումների և հաջողությունների հետ, հակառակ պարագայում հայկական ֆուտբոլի խնդիրները շարունակելու են մնալ անլուծելի։