ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը կքննարկվի նաև այսօր. «Ժողովուրդ»
09:00, 05.11.2024 | mamul.am
1630 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխող կուսակցության ներսում իրավիճակը գնալով թեժանում է. ներպալատական գզվռտոցները նոր փուլ են թևակոխում: Այսօր ՔՊ վարչությունում ավելի նեղ ֆորմատով կքննարկեն Անդրանիկ Քոչարյանի և Հովիկ Աղազարյանի վարքը:
Երեկ արդեն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նախատեց Անդրանիկ Քոչարյանին, որը ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ԱԺ նախագահությունում էր նստեցրել՝ իր կողքին, մյուս ուժայիններին՝ ներքևում: Այս ուշացած արձանագրումը պատահական չէր. մինչ այս Ալեն Սիմոնյանը լուռ էր: Նա, ըստ ամենայնի, սպասում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքին, երբ ՔՊ ակտիվի հավաքի օրը կռահել է այն, երեկ արդեն որպես սեփական կարծիք արտահայտեց:
Ինչևէ, իշխանությանը մոտ կանգնած աղբյուրներից տեղեկացանք, որ այսօր ՔՊ-ական վերնախավը վարչության նիստում Նիկոլ Փաշինյանի հետ, ի թիվս ներքաղաքական այլ հարցերի, կքննարկի նաև ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը ու ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի պահվածքը՝ հոկտեմբերի 15-ի ԱԺ լսումների ժամանակ դրսևորած: Նախատեսվում է, որ երբ վարչության նիստն ավարտվի, ձևավորված տրամադրություններից հետո միայն ՔՊ-ն նաև խմբակցության նիստ կհրավիրի Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցով. իշխանական պատգամավորները կքվեարկեն, և իրենց համաձայնության դեպքում Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցով նախաձեռնությունը կմտնի նաև ԱԺ լիագումար նիստերի օրակարգ:

ԱԺ կանոնակարգ օրենքի 149-րդ հոդվածի համաձայն՝ մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը:

Մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ, քվեարկությանը մասնակցող պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին