«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամի առաջին նվիրատուների շարքը պակաս կասկածելի և խնդրահարույց չէ, որքան ՔՊ կուսակցության դրամահավաքը։ Եթե ՔՊ կուսակցության դրամահավաքի նվիրատուները նվիրատվություն էին արել 1 մլն դրամ և ավելի, սակայն դրա մասին տեղյակ չէին եղել, ապա «Իմ քայլը» հիմնադրամի ընթրիքի նվիրատվությունը ակնհայտորեն արտոնությունների ակնկալիք կամ ներողամտության ակնկալիք էր:
Հիմնավորենք պնդումը փաստերով. հոկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի՝ «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շրջանակում կազմակերպված «Երիտասարդի երազանք» նախագծի բարեգործական ընթրիքին մասնակցել էր 62 հաջողակ տղամարդ գործարար, ինչի արդյունքում «Իմ քայլը» հիմնադրամը հավաքել է 62 մլն դրամ։ Հարկ է նշել նաև, որ երեկույթից առաջ շրջանառվող տեղեկության համաձայն՝ մասնակիցների նախնական թիվը 52-ն էր, իսկ մուտքավճարը՝ 1 մլն դրամ։ Արդյունքում, «Իմ քայլը» հիմնադրամը «շահեց» 10 մլն դրամ ավելի։ Այս մասին հայտնել են «Իմ քայլը» հիմնադրամից: Ուսումնասիրելով, թե ովքեր են «Իմ քայլը» հիմնադրամի նվիրատուները, հետաքրքիր փաստեր ենք արձանագրում. Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին մասնակցել է Վարդան Ալեքսանյանը՝ Dignisi անշարժ գույքի գործակալության տնօրենը։ Նա անցնում է մի քրեական գործով, ըստ որի՝ նա խոշոր չափի վնաս է հասցրել երկու տասնյակից ավելի անձանց։ Բանն այն է, որ Վարդան Ալեքսանյանը «Հավերժ Մուսալեռ» ՍՊԸ-ի տնօրենն էր, որը ղեկավարում էր նաեւ «Ալեքսանյան ընդ փարթներս» և «ՌՎ» ՍՊ ընկերությունների գործունեությունը։ Նրա նկատմամբ 2010-ին ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում խարդախության փաստով քրեական գործ էր հարուցվել, խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը և հայտարարվել էր հետախուզում։
Հայտնի է դարձել նաև, որ նրան մեղադրանք է առաջադրվել Արմավիրի մարզի «Մուսալեռ» հուշահամալիրի հարեւանությամբ գտնվող հողատարածքները, առանց համատեղ սեփականատերերի իմացության, ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներին վաճառելու համար։ Ըստ ոստիկանության 2010թ. հաղորդագրության՝ նա այդկերպ, 26 անձի վնաս պատճառելով, հափշտակել է 309 միլիոն 657 հազար դրամ:
Ընթրիքին մասնակցում էր նաև DIGNISI անշարժ գույքի գործակալության համահիմնադիր Կարեն Անախասյանը։
Աննա Հակոբյանի հետ ընթրելու էր եկել նաև «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցի փոխտնօրեն Ռաֆայել Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ դեռ 2023 թվականի մարտին ձերբակալվել էին «Նոր Զովք» ընկերության սեփականատեր Ա.Ա-ն, տնօրեն Ռ.Ա-ն, գլխավոր հաշվապահ Ս.Ս-ն, ծրագրային ապահովման ոլորտում գործունեություն իրականացնող ՍՊԸ սեփականատեր Վ.Ս-ն՝ «Նոր Զովքում» առերևույթ հարկային չարաշահումներ կատարելու, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ իրացման շրջանառությունն առանձնապես խոշոր չափերով նվազ ցույց տալու միջոցով հարկային պարտավորությունները չկատարելու համար»: