ԼՀԿ նախկին անդամ Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եթե որոշ երկրի նախագահներ, այդ թվում` մեր հարևան Վրաստանի, կարող են անարգել վիրավորական արտահայտություններ հնչեցնել Հայաստանի նկատմամբ, ապա ինչո՞ւ թշնամի երկրի դեսպանը չի կարող սպառնալ հայ դեսպանին, որ կսպանի նրան:
Կմտածեք, որ վիրավորանքը ուր, սպանության սպառնալիքը ուր, բայց դրանք շատ ուղիղ փոխկապակցված են միմյանց հետ և ուղիղ համեմատական են Հայաստանի` որպես պետության նկատմամբ հարգանքի և արժանապատվության հետ:
Բրյուսելում հայ դեսպանին չեն սպառնում սպանել, որովհետև ադրբեջանցիները չար են ու ագրեսիվ: Հայ դեսպանին սպառնում են սպանել, որովհետև գիտեն` ինչ էլ անեն, ինչ էլ ասեն Հայաստանի նկատմամբ, դա ոչ մի հետևանք չի ունենալու, ավելին մեր իշխանությունները ոչ մի ծպտուն չեն հանելու, իսկ եթե հանեն էլ, վաղը կստիպեն մոռանալ այդ մասին:
Չեմ նախանձում հայ դեսպաններին: Իսկապես ծանր է աշխատել ու պաշտպանել այն երկրի շահերը, որի ինքնիշխանության ու ինքնահարգանքի նշաձողը իջեցնելու նոր ռեկորդներ են անընդհատ գրանցվում»:
Հիշեցնենք՝ Բրյուսելում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հայտարարել էր, որ Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիգովը սպառնացել է սպանել իրեն։ Միջադեպը տեղի է ունեցել Թուրքիայի ազգային տոնի առթիվ Բրյուսելում Թուրքիայի դեսպանատան կազմակերպած ընդունելության ժամանակ։