«Իմ նախագիծը վերաբերում է ՀՀ-ում ազգային փոքրամասնությունների հարաբերությունների կարգավորմանը. Հայաստանում կոպտորեն խախտվում են իրավունքները, իսկ Կառավարության պատասխանում գրված է, որ կարող են կարգավորել օրենսդրական նորմատիվ ակտերով: Առաջարկում եմ 2 ամսով հետաձգել, երևի թե Կառավարությունը կարողանա կարգավորել, իսկ եթե չկարգավորի, նախագիծը նորից կներկայացնենք»,- այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Գասպարյանը՝ անդրադառնալով իր հեղինակած «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծին: Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը, ներկայացնելով Կառավարության դիրքորոշումը, նշեց. «Գտնում ենք, որ նախագծերի փաթեթով ներկայացված փոփոխություններն առարկայազուրկ են և առաջարկում ենք այն հանել շրջանառությունից»: Հարությունյանը հավելեց, որ քանի որ հարցը վերաբերում է ազգային փոքրամասնությունների կրթական գործընթացներին, ենթաօրենսդրական ակտերում փոփոխությունների համար պետք է համագործակցել ԿԳՄՍ-ի հետ: Նախագծի քննարկումը երկու ամսով հետաձգվեց: |
Բաժանորդագրվել լրահոսին