ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է ««Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայումս լայն տարածում է գտել կաթնային յուղի (ճարպի) փոխարինիչով կաթնամթերքի վաճառքը, ուստի, որպեսզի սպառողները կարողանան տեսողականորեն տարբերել՝ կաթնամթերքը պատրաստված է կաթնային յուղի փոխարինիչով, թե առանց փոխարինիչի, անհրաժեշտ է օրենքում կատարել փոփոխություն և սահմանել դրույթ, որ կաթնամթերքի վաճառքը առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում տարանջատվի գունային դարակաշարերով: «Առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի) կաթնամթերքի վաճառքի դեպքում տարանջատված դարակաշարը ապահոված պետք է լինի կանաչ գույնով, իսկ կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչի դեպքում՝ նարնջագույն գույնով։ Նախագծի ընդունումը հնարավորություն կտա սպառողին տեսողականորեն առանձնացնել՝ կաթնամթերքը բնական է, թե պատրաստված է կաթնային յուղի փոխարինիչով»,- ասաց նախարարը: «Բոլորին հայտնի է, որ կաթնային յուղի փոխարինիչով պատրաստված արտադրանքն ավելի էժան է, քան բնական հումքով պատրաստվածը: Հստակ տարանջատման բացակայությունը սպառողին մոլորության մեջ է գցում և տվյալ դեպքում սպառողն ավելի թանկ վճարելով գնում է ավելի էժան արտադրանք»,- հավելեց Պապոյանը՝ նշելով, որ նախագծում հաջորդ լրացմամբ արտադրողները սեփական արտադրանքի առավելությունը ցույց տալու նպատակով՝ կամավոր հիմունքներով կարող են կիրառել գունային ինքնակպչուն պիտակներ՝ արտադրատեսակների տուփերի վրա գունային տարանջատման միջոցով առանձնացնել առանց կաթնային յուղի փոխարինիչի և կաթնային յուղի փոխարինիչով կաթ պարունակող մթերքը։ |
Բաժանորդագրվել լրահոսին