«Թրամփի հաղթանակը փոխում է համաշխարհային քաղաքականությունը։ ԱՄՆ-ՀՀ երկկողմ հարաբերությունների օրակարգում բացառապես ՀՀ-ի օգնության հարցն է, Հայաստանը ստանում է Միացյալ նահանգներից օգնություն՝ բարեփոխումների համար։ Ուրիշ բան չունենք»,-«24»-ի եթերում ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ Նա, անդրադառնալով մինչ նախագահական ընտրությունները Թրամփի գրառմանը, որտեղ խոսում էր Արցախի մասին, նշեց․ «Թրամփը, որ ուղերձ է տալիս հայ համայնքին, չի տալիս ՀՀ վարչապետի հետ խոսելով, ինքը զանգում է Արամ Կաթողիկոսին։ Սա էլ է շատ կարևոր, որովհետև իր շուրջ հավաքված են մարդիկ, ովքեր Հայաստանը լավ գիտեն, հայկական խնդիրները լավ գիտեն, հայկական հարցին ծանոթ են, հայերի հետ կապեր ունեն, օրինակ՝ Քենեդին։ Թրամփը իր ուղերձում օգտագործում է «Արցախ», «էթնիկ զտում» բառերը, որից մեր իշխանությունները խուսափում են։ Ուրեմն էն մարդիկ պիտի աշխատեն Թրամփի հետ, ովքեր այդ գաղափարախոսությանը կողմ են։ Այո՛, դա նախընտրական խոստում է եղել, բայց դրա վրա կարելի է կառուցել հետագա աշխատանքը։ Սա պիտի անի համայնքը, լոբիստները և եկեղեցին, որովհետև ՀՀ իշխանությունը դա չի անելու»։ Սարգսյանը ընդգծեց, որ Թրամփը խոստումը չի տվել ՀՀ իշխանություններին, տվել է իր քաղաքացիներին, հետևաբար պահանջատեր են համայնքը, լոբիստները նաև եկեղեցին և, «եթե համայնքը որոշի, որ էդ ճանապարհով շարժվում է, Թրամփի էդ խոստումները շատ լավ բռնելու տեղ են, բռնում ես ու շարժվում առաջ»։ |
Բաժանորդագրվել լրահոսին