Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանում տպավորություն էր ստեղծվել, որ քաղաքականապես ակտիվ հանրության մեծ մասը ակնկալում էր և ցանկանում Քամալա Հարիսի հաղթանակը ԱՄՆ ընտրություններում: Երկրորդ տպավորությունն ու ակնկալիքն այն էր, որ Հարիսի հաղթանակի դեպքում ԱՄՆ-ն աջակցելու է Հայաստանին՝ Ադրբեջանի կողմից հնարավոր նոր ագրեսիայի դեպքում: Հաղթեց Դոնալդ Թրամփը, որի նախագահության նախորդ շրջանը համընկել էր 2020-ի մեր սարսափելի պարտության հետ: 2023-ի սեպտեմբերյան աղետն ու բռնի տեղահանությունը Արցախից, տեղի է ունեցել Բայդեն-Հարիս նախագահության շրջանում: Երբ հանրությունը կամ քաղաքական էլիտան իր անվտանգությունը փնտրում է հազարավոր կիլոմետրեր հեռվում, դա ուղղակի նշանակում է, որ մեր արտաքին քաղաքականության հիմքում դրված է երրորդ ուժին ապավինելու կործանարար քաղաքականությունը, անկախ նրանից, թե ինչ է այդ երրորդ ուժի անունը՝ Ամերիկա, Ռուսաստան կամ Եվրոպա: Հայաստանը իր անվտանգությունը պետք է փնտրի առաջին հերթին իր ներսում և անմիջական շրջապատում: Մեր անմիջական շրջապատը Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Իրանն են: Անշուշտ, պետք է նաև օգտվել գերտերությունների հնարավոր օժանդակությունից: Վիլսոնյան սինդրոմը, ռուսական փրկությունն ու եվրոպական հովանոցը պատրանքային հույսեր են: Մենք այլ աշխարհում ենք ապրում, մեր հարևանությունը չենք կարող փոխել, ինչպես և աշխարհագրությունը: Թրամփի ընտրվելով՝ Հայաստանը ո´չ փրկվելու է և ո´չ էլ կործանվելու»: |
Բաժանորդագրվել լրահոսին