ԱՄՆ-ն ցանկանում է վերջնականապես Հայաստանին վերակողմնորոշել դեպի զարգացման արևմտամետ կուրս՝ Ուկրաինայում և Մոլդովայում փորձարկված սխեմաներով։ Այս մասին ՏԱՍՍ-ի հաղորդմամբ ասված է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
«Ամերիկյան Պետդեպարտամենտը նկատելիորեն արագացրել է Հայաստանում արևմտամետ քաղաքացիական հասարակության կառույցների գործունեությունը խթանող մի շարք միջոցառումների աշխատանքները։ Նահանգներում կարևոր են համարում հայկական քաղաքական վերնախավի վրա «ուղղորդող ազդեցության» ամրապնդումը, որպեսզի խրախուսեն Հայաստանին՝ չնայած անխուսափելի դժվարություններին, արագացնել վերջնական վերակողմնորոշման գործընթացը դեպի արևմտամետ զարգացման ձևաչափ»,- ասված է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ խնդիր է դրված Հայաստանում հասարակական-քաղաքական գործընթացներին տալ կայուն հակառուսական բնույթ և այդ նպատակով Վաշինգտոնը մտադիր է իրականացնել երկարաժամկետ տեղեկատվական-քարոզչական արշավ՝ ուղղված Ռուսաստանի, ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի հետ Երևանի համագործակցության հեռանկարների վարկաբեկելուն։
Ըստ ՌԴ կառույցի հայտարարության՝ «Վաշինգտոնը համառորեն Հայաստանին մղում է դեպի ազգային «ինքնասպանություն»։