«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «COP29-ին ընդառաջ հայ գերիների վերադարձը սպասված, գուցե նաև բաղձալի է, սակայն նրանց հետ Հայաստան չեն վերադառնալու ռազմաքաղաքական գերիները։ Ռազմաքաղաքական գերիները՝ Արցախի Հանրապետության ութ պաշտոնյաները՝ նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, հրաժարվել են անգամ իրավաբանի կամ փաստաբանի ծառայություններից: Նշենք, որ ռազմաքաղաքական գերիներից կան անձինք, որ խնդրել են ընտանիքներին կապ հաստատելու փորձեր այլևս չանել և հորդորել են մոռանալ իրենց գոյության մասին։ «Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել էր Բաքվում անմարդկային պայմաններում պահվող գերիներին, նրանց կտտանքների ենթարկելու դեպքերին։ Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ Ադրբեջանի բանտում ապօրինի կերպով պահվող Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի փաստաբանները հայցեր էին ներկայացրել Բաքվում՝ նշելով, որ Վարդանյանը խոշտանգումների է ենթարկվել և զրկվել է արագ դատաքննության իրավունքից, հաղորդում է Reuters-ը։ Վարդանյանի փաստաբաններն ընդգծել են, որ հայցին առնչվող դեպքերից մեկը 2024 թվականի ապրիլին Վարդանյանի հացադուլի ժամանակ տեղի ունեցած խոշտանգումներն են։ Նրանք հայտարարել են, որ սրան ի պատասխան՝ Ռուբեն Վարդանյանին տեղափոխել են պատժախուց, ստիպել են կանգնել, արգելել են լվացվել եւ երկու օր զրկել են ջրից։ Մեկ այլ հայցում Վարդանյանի փաստաբանները նշել են, որ նրա արագ դատաքննության իրավունքը խախտվել է անցյալ տարվանից՝ նրա կալանավորման պատճառով։ Առանձին հայցով մեղադրանք է առաջադրվել ադրբեջանական «Բաքվի աշխատավոր» ռուսալեզու թերթին, որը զրպարտություն է տարածել Ռուբեն Վարդանյանի հասցեին։ Մանրամասները՝ թերթի համարում: |
Բաժանորդագրվել լրահոսին