«Հրապարակ»-ը գրում է․ «Դեռևս մեկ ամիս առաջ գրել էինք, որ ՀՀ իշխանությունները մտադիր են կատարել Ադրբեջանի հերթական պահանջը և ԵՄ դիտորդների առաքելության ժամկետը Հայաստանում չերկարաձգել։ Նշենք, որ դիտորդները Հայաստան են ժամանել 2023-ին՝ երկու տարի ժամկետով, 2025-ի փետրվարին լրանում է նրանց միսիայի ժամկետը, եւ եթե ՀՀ իշխանությունները երկարաձգման դիմում չներկայացնեն, ապա առաքելությունը կավարտվի։ Նրանց ժամանմանն ի սկզբանե դեմ է եղել Ադրբեջանը:
Քաղաքական շրջանակներում կարծում են, որ թերեւս սրանով է պայմանավորված, որ Նիկոլ Փաշինյանը, մեկ քայլ առաջ ընկնելով, հայ-իրանական սահմանից հանեց ռուս սահմանապահներին, որ երբ դիտորդների ժամկետը չերկարաձգվի, իրեն չմեղադրեն ռուսամետության մեջ: Այսպես ասած` հայելային քայլ է անում` ե՛ւ ռուսներին է հանում, ե՛ւ եվրոպացիներին: Նախօրեին Բաքվից գաղտնազերծելով խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերը՝ ըստ էության, հաստատել են վերոնշյալ նախապայմանի գոյությունը։ Խաղաղության համաձայնագրի վիճահարույց երեք կետերը X-ի իր էջում գաղտնազերծել է Ալիևի կառավարության կողմից ֆինանսավորվող վերլուծական կենտրոնի ղեկավար Ֆարիդ Շաֆիեւը։ Ըստ նրա՝ դրանցից մեկը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է, մյուսը՝ Երևանի կողմից «իրավական եւ դիվանագիտական վեճերի» բացառումը, վերջինն էլ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին օտար ուժերի բացակայությանն է վերաբերում: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ թեպետ իշխանությունները դեռ չեն համաձայնել այդ պահանջին, քանի որ առկա է Արևմուտքի ճնշումը, սակայն երբ երկարաձգման ժամանակը գա, հայտարարելու են, որ չեն ուզում տորպեդահարել խաղաղության գործընթացը, մանավանդ որ բանակցային գործընթացն էլ թեւակոխել է տետ ա տետի` առանց միջնորդների ձևաչափ։ Անդրադառնալով դիվանագիտական վեճերի հետ կապված հարցին՝ ԱԳ նախարարի տեղակալն ասել է. «Ընդհանուր գործընթացի ու ընդհանուր տրամաբանության մեջ պիտի նայել: Հայաստանի Հանրապետության համար կան նաև այս համաձայնագրից դուրս շատ կարևոր հարցեր, այդ թվում՝ հումանիտար հարցեր, որոնք հասցեագրման կարիք ունեն»: Խոսքը թերևս հայցերի, միջազգային ատյաններում ներկայացվող պահանջների մասին է»:
|
Բաժանորդագրվել լրահոսին