Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր հրավիրել է խորհրդարանական լսումներ. քննարկվում է «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթը: «Դուք արդարադատության նախարարության կայքում ձեր կենսագրության մեջ նշել եք, որ փոխնախարարի պաշտոնը ստանձնել եք վարչապետի հրամանագրով: Վարչապետը հրամանագրեր չի ընդունում, ընդունում է միայն որոշումներ և կարգադրումներ, դուք նշանակվել եք վարչապետի որոշմամբ: Այդ իրավական գիտելիքներո՞վ եք դուք ընդհանրապես համակարգում ամբողջ իրավական, օրենսդրական պրոցեսները»,- հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն այս հարցն ուղղեց արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանին: Նիստը վարող ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ընդհատեց. «Անջատեք… Պարոն Ղազարյան, խնդրում եմ, մենք այսօր հավաքվել ենք այստեղ քննարկելու ՀՀ ԸՕ սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ անելու մասին օրենքի և կից նախագծերի փաթեթը, Ձեր հարցերը տալիս կենտրոնացեք ԸՕ-ի վրա: Վերականգնեք պարոն Ղազարյանի 3 րոպեն…»: «Ես հուսով եմ՝ սա ձեր կողմից վերջին համարձակությունն էր՝ ընդհատելու իմ զեկույցը և միջամտելու իմ հարցերին և ելույթներին»,- արձագանքեց Ղազարյանը: |
Բաժանորդագրվել լրահոսին