Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ մասնակցել է կառույցի կազմավորման երրորդ տարեդարձին և Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: «Ասել, որ, ընդհանուր առմամբ, կա դժգոհություն մեր իրավապահ համակարգի գործունեությունից, ճիշտ չի լինի: Բայց, այնուամենայնիվ, պետք է արձանագրել, որ կա անբավարարվածության ինչ-որ զգացողություն և՛ հանրության շրջանում, և՛ իրավապահ համակարգում: Եվ դա կապված է շատ կոնկրետ իրողությունների հետ»,- նշել է Փաշինյանը: Վարչապետն ընդգծել է, որ դատաիրավական համակարգի մաքսիմալ արդյունավետ աշխատանքի համար Կառավարությունից և անձամբ իրենից ակնկալվող ամեն բան արվել է: «Տեղի են ունեցել ինստիտուցիոնալ լրջագույն բարեփոխումներ, տեղի են ունեցել օրենսդրական բարեփոխումներ, տեղի են ունեցել սոցիալական երաշխիքների համակարգի էական բարեփոխումներ քննչական համակարգում, դատախազական համակարգում, դատական համակարգում, ներդրվել են նաև որոշակի օրենսդրական և տեխնիկական հնարավորություններ: Եվ թերևս այս փուլում գոնե ինձ համար արձանագրում եմ, որ չկա այդպիսի բան, որ դատաիրավական համակարգը Կառավարությունից ակնկալել է, և Կառավարությունն ասել է, որ այդ ակնկալիքը չի բավարարի այն ըմբռնմամբ, որ զարգացման տրամաբանությամբ միշտ էլ պետք է Կառավարությունից ակնկալիքներ լինեն, որովհետև ժամանակն առաջ է գնում, նոր պահանջներ են ի հայտ գալիս կամ նոր անհրաժեշտություններ: Վարչապետի խոսքով՝ իր զգացողությամբ հանրության տրամադրությունն այնպիսին է, որ Հայաստանում այսօր մեծ ծավալի կոռուպցիա կա, մեծ ծավալի անարդարություններ կան, մեծ ծավալի ապօրինություններ կան, որը, ըստ նրա, այլևս դառնում է քաղաքական խնդիր: Այս համատեքստում խոսելով դատական և դատաիրավական համակարգի անկախ լինելու մասին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է. «Այստեղ ոչ մեկ չի կասկածում: Ընդ որում՝ ես ուզում եմ ընդգծել, որ Կառավարությունն ապահովել է բոլոր պայմանները, որպեսզի Հայաստանում լինի անկախ դատաիրավական համակարգ: Վարչապետը հավելել է, որ դրանով հանդերձ արդարադատության և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում տեղապտույտի զգացողություն կա: Ըստ Նիկոլ Փաշինյանի, սա այն կետն է, որ կապված չէ դատաիրավական համակարգի անկախ լինելու հետ, և կապված է քաղաքական իշխանության հետ, քանի որ ըստ էության, երկրում արդարության, օրինականության, արդարադատության թիվ մեկ պատասխանատուն Կառավարությունն է: «Եվ սա է պատճառը, որ ես ինքս ստիպված եմ ավելի հրապարակային և ավելի մանրամասն այս թեմաների մասին խոսել, արտահայտվել: Եվ մենք պետք է գտնենք լուծումներ, թե որտեղ է պրոբլեմը»,- նշել է վարչապետը: |
Բաժանորդագրվել լրահոսին