«Հրապարակ»-ին հայտնի է դարձել, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանին շուրջ 60 հոգով ծեծի ենթարկած կարմիրբերետավորների պարագլուխներից Գևորգ Մկրտչյանի լիազորությունները վերականգնվել են։ «Հիշեցնենք, որ մայիսի 27-ին մայրաքաղաքի Հանրապետության փողոցում ԱԺ պատգամավորի և ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել էր ծառայողական քննություն, ինչի արդյունքում դադարեցվել էին Գևորգ Մկրտչյանի լիազորությունները։ Մեր հարցմանն ի պատասխան, ՆԳՆ-ից հաստատեցին «Հրապարակ»-ի լուրը՝ պարզաբանման մեջ հայտնելով, թե Գևորգ Մկրտչյանի լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են այն նպատակով, որ նա, լինելով այդ պաշտոնին, չխոչընդոտի քննությանը։ Մկրտչյանի նկատմամբ հարուցված ծառայողական քննությունն էլ իբր կասեցվել է, քանի որ քննչականում է նախաձեռնվել քրեական վարույթ։ «Ըստ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասի՝ ծառայողական քննության ժամանակահատվածում ոստիկանության ծառայողի լիազորությունները կարող են ժամանակավորապես դադարեցվել, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով նա կխոչընդոտի ծառայողական քննությանը։ Այս հիմքով, ՆԳՆ ոստիկանության պետի հրամանով ոստիկանության ծառայողի ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են»,- հայտնում են ՆԳՆ-ից: «Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասի՝ ծառայողական քննություն իրականացնող մարմնի կողմից ծառայողի լիազորությունները կարող են կասեցվել միայն ծառայողական քննության ժամանակ՝ երկու ամսով, ուստի հուլիսի 3-ին ոստիկանության ծառայողի լիազորությունները վերականգնվել են: Ոստիկանության ծառայողների կողմից կարգապահական խախտումը կատարելու հարցը հնարավոր կլինի քննարկել քրեական վարույթի վերջնական արդյունքից հետո»,- մեկնաբանել են ՆԳՆ-ից։ Այս դեպքը մի արատավոր երեւույթի մասին է վկայում` ՆԳՆ-ում և Քննչական կոմիտեում միմյանց «պաս տալու» ավանդույթ է ձեւավորվել։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առնչությամբ նախաքննությունը դեռ շարունակվում է` որևէ ոստիկանի նկատմամբ մեղադրանք չի առաջադրվել։ Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել շուրջ 8 ամիս առաջ։ Առնվազն զավեշտալի է, որ ձեռքի տակ ունենալով պատգամավորին խմբակային ծեծի ենթարկելու մասին բավարար ապացույցներ, այդ թվում՝ տեսանյութեր, Քննչական կոմիտեում դեռևս գործը գտնվում է նախաքննության փուլում»։ |
Բաժանորդագրվել լրահոսին