Նոյեմբերի 4-ից շարունակվում են պեղումները Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի Քասախի կիրճում գտնվող նորահայտ վաղմիջնադարյան ժայռափոր համալիրում։
Պեղումների ընթացքում ի հայտ են գալիս մեծ քանակի հնագիտական արժեք պարունակող նյութեր՝ խեցեղեն, մետաղյա և ապակյա առարկաներ, կենդանական ոսկորներ
Հիշեցնենք, որ դեռևս 2024թ․ փետրվարին ստացված ահազանգի համաձայն, ըստ որի՝ Արագածոտնի մարզի Օհանավան համայնքում սեփականության իրավունքով քաղաքացուն պատկանող տարածքում կատարվող հողային աշխատանքների արդյունքում ի հայտ է եկել ժայռափոր դամբարան, պեղումներ սկսվեցին նորահայտ հուշարձանի տարածքում։
Հետազոտությունները ցույց տվեցին, որ կիսավեր հնավայրը միջնադարյան համալիր է՝ բաղկացած առանձին դամբարանային խցերից, ընդարձակ նախասրահից, խորանից և տնտեսական բաժիններից։
Պեղումների արդյունքում ի հայտ եկան վաղմիջնադարյան խեցեղենի բազմաթիվ բեկորներ (որոնց մեջ բավականին ուշագրավ նմուշներ՝ խփեր, ճրագներ, գավաթներ․․․), մետաղե առարկաներ և այլն։
Նորահայտ դամբարանի ուսումնասիրություններն ընթանում են մի քանի փուլով։