ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Թալիբները պատմության մեջ առաջին անգամ կմասնակցեն ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովին
19:24, 10.11.2024 | mamul.am
2741 | 0

Աֆղանստանը գլխավորող «Թալիբան» շարժումը կմասնակցի ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովին, որն այս տարի կանցկացվի Ադրբեջանում։ Այցը տեղի կունենա առաջին անգամ այն օրից ի վեր, երբ շարժումը 2021 թվականին իշխանությունը զավթեց Աֆղանստանում։

«Հյուրընկալ երկիրը՝ Ադրբեջանը, հրավիրել է Աֆղանստանի շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության պաշտոնյաներին COP 29-ին` որպես դիտորդներ՝ թույլ տալով նրանց «պոտենցիալ մասնակցել քննարկումներին և երկկողմ հանդիպումներ անցկացնել», հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Աֆղանստանի ԱԳՆ-ի խոսնակ Աբդուլ Քահար Բալխին:

Բալխին հավելել է, որ Աֆղանստանի շրջակա միջավայրի պահպանության գործակալության ներկայացուցիչները հրավիրվել են մասնակցելու` որպես դիտորդներ։

Այնուամենայնիվ, ՄԱԿ-ը դեռևս չի ճանաչում թալիբներին` որպես Աֆղանստանի պաշտոնական կառավարություն՝ թալիբների կողմից կանանց նկատմամբ կիրառվող սահմանափակումների պատճառով։ Այս փաստը նրանց զրկում է Գլխավոր ասամբլեայում տեղ զբաղեցնելուց։

2021 թվականին թալիբներն արգելել են կանանց պաշտոններ զբաղեցնել կառավարությունում։ Միաժամանակ, երկիրը վերացրեց Կանանց հարցերի նախարարությունը և դրա փոխարեն ստեղծեց Առաքինության քարոզչության և արատավորության կանխարգելման նախարարություն: 2022 թվականի վերջին թալիբները կանանց արգելեցին բարձրագույն կրթություն ստանալ։

Այս տարվա սեպտեմբերի վերջին Կանադան, Ավստրալիան, Նիդեռլանդները և Գերմանիան հայց են ներկայացրել ընդդեմ թալիբների Հաագայի միջազգային դատարան։ Երկրները մեղադրում են թալիբներին կանանց նկատմամբ խտրականության մեջ։ Այնուամենայնիվ, արդեն նոյեմբերին թալիբների նախարարներից մեկը աֆղան կանանց զրկեց Ղուրանը բարձրաձայն կարդալու և այլ կանանց հետ «հրապարակային» խոսելու հնարավորությունից։ Թալիբները կարծում են, որ կանայք չպետք է լսեն միմյանց ձայնը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին