Օրերս «Հրապարակ»-ը գրել էր, որ ՔՊ կուսակցության նախաձեռնող խմբի նիստում Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն աղմկահարույց բացահայտումներ է արել, ավելի շատ խոսել է ձախողումների մասին։ Բուռն վրդովմունք է հայտնել հատկապես հայկական արբանյակի՝ տիեզերք ուղարկելու ծրագրի հետ կապված՝ ասելով, որ այն ամբողջությամբ ձախողվել է, տիեզերք բաց թողնված արբանյակը ոչ միայն նպատակին չի ծառայել, այլև գլխացավանքի առիթ է դարձել։ Ասել է, որ չնայած արբանյակը դեռևս տիեզերքում է՝ երկրի մակերևույթից մոտ 35 հազար կիլոմետր բարձրության վրա, սակայն նաև տեղեկացրել է, որ մոտ երկու ամսից այն կընկնի, և իրենք նոր ծրագիր են մշակում։
Այսօր ԱԺ-ում լրագրողները հնարավորություն ունեցան վերոնշյալի վերաբերյալ հարցեր ուղղել Մխիթար Հայրապետյանին․ «Կուսակցական փակ ֆորմատով քննարկումների բովանդակությունը հրապարակային դարձնելու սովորություն չունեմ։ Ենթադրում եմ՝ հարցը վերաբերվում է ArmSat-1 արբանյակին, որի վերաբերյալ որևէ աղմկահարույց տեղեկատվության չեմ տիրապետում»,- ասաց Հայրապետյանը՝ նշելով, որ «ինչ-որ միլիոնավոր դոլարների մսխման» մասին մամուլից է տեղեկացել։
«ArmSat-1-ը տիեզերք ուղարկելով՝ խնդիր չի դրվել ՀՀ բոլոր խնդիրները լուծել։ Նախաձեռնության հիմքում եղել է գործունեություն մեկնարկել տիեզերական ոլորտում և դրա համար ընտրվել է արբանյակ ունենալու տարբերակը։ Այն տեսալուսանկարահանող արբանյակ է և այսօրվանից մեր մասնագիտական թիմերը ստանձնել են դրա կառավարումը»,-ասաց Մխիթարյանը՝ նշելով, որ արբանյակի կատարած լուսանկարները «բնականաբար» զիջում են աշխարհի թանկարժեք արբանյակների լուսանկարների որակին։ «7-8 մլն դոլարով տիեզերքը նվաճելն անմտություն կլինի»,- նշեց Հայրապետյանը՝ հավելելով, որ արբանյակը նորմալ գործում է, և նախագիծը որպես միլիոնավոր դոլարների մսխում ներկայացնելը «լրջագույն մանիպուլյացիա է»։ «Բայց սա չի նշանակում, որ արբանյակը չի կարող 6 ամսից կամ երկու տարուց ընկնել, տիեզերքն այդքան էլ պարզունակ չէ»,- ասաց Հայրապետյանը։